Արամ Կայֆաջյանը նշանակվել է Ինեկոբանկի խորհրդի անդամ

Ինեկոբանկը հայտնում է ընկերության խորհրդի կազմում Արամ Կայֆաջյանին որպես նոր անկախ անդամի նշանակման մասին։

Արամ Կայֆաջյանը 2004 թվականից հանդիսանում է «Արմենբրոկ» ԲԲԸ Գլխավոր տնօրեն: Նրա ղեկավարման տարիներին ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ: 2010 թվականից մինչև այսօր նա դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում: 2015 թվականից մինչև այսօր պարոն Կայֆաջյանը հանդիսանում է «Անի Հոլդինգ» միջազգային հյուրանոցային կառավարման և արտադրական խմբի Խորհրդի անդամ, իսկ 2017 թվականից՝ «Գլոքալ» ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ:

«Ուրախ ենք ողջունել Արամ Կայֆաջյանին Ինեկոբանկում, նա իր հետ կբերի հարուստ փորձ կապիտալի շուկաների և խորը գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ։ Նրա մասնակցությունը բանկի խորհրդի կազմում անշուշտ հավելյալ արժեք է փոխանցելու Ինեկոբանկի կայուն զարգացմանը». ողջույնի խոսքում նշել է Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

Պարոն Կայֆաջյանը մեկնաբանել է.«Վերջին տարիներին Ինեկոբանկի զարգացումը չափազանց տպավորիչ էր: Հայկական բանկային համակարգի առջև այսօր կանգնած բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում ակնհայտ է, որ բանկի ղեկավարությունը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ շուկայում Ինեկոբանկի առաջատար դիրքերը պահպանելու և բարելավելու համար: Մեծ պատվով և ոգևորությամբ եմ ընդունում բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու և բանկային համակարգում ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ համագործակցելու այս հնարավորությունը: Ուրախ կլինեմ գործադրել իմ բոլոր գիտելիքներն ու փորձը՝ ի շահ բանկի հետագա զարգացմանը»:

Պարոն Կայֆաջյանը կհանդիսանա Ինեկոբանկի 7 անդամներից բաղկացած խորհրդի կազմի 3-րդ անկախ անդամը, իսկ մնացած 4 անդամներն են Բանկի հիմնադիրները և ներդրողները:

*Գովազդային նյութ

Մեկնաբանել