«Զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելուց»․ Արայիկ Հարությունյանը՝ քննադատների մասին

«Եթե ոմանք չափորոշիչների մշակումը կամ չափորոշիչները որակել են ապազգային, չնայած որ դրա տակ հիմք չկա, ապա՝ եթե ազգային է պատմության կեղծումը դասագրքերի միջոցով անցած 30 տարիներին, թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմության կեղծումը՝ ազգային»․ սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Լրագրողի հարցին, թե ո՞ւմ հետ են քննարկվել «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները, և եթե դրանք քննարկվել են ակադեմիական շրջանակի հետ, ապա ինչո՞ւ է աղմուկ բարձրանում հենց այդ շրջանակի կողմից, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք առարկայական չափորոշիչները դրել են շրջանառության մեջ և նշել, որ դա աշխատանքային տարբերակն է։

«Այսինքն՝ եթե դա աշխատանքային տարբերակն է ու նույնիսկ նախագիծ չէ, նշանակում է, որ ցանկացած ոք, եթե ուզում է, կարող է այդ պրոցեսի մեջ ներգրավվել, արդյունք տալ և դրական առումով փոփոխությունների հասնել, պետք է վերցնի թուղթ ու գրիչ և ասի՝ սա լավ է, սա՝ վատ»,- նշեց Հարությունյանը։

Նա շեշտեց՝ ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին ինքն արդեն առիթ ունեցել է խոսելու։

«Պարզապես նրանք զրկվում են և զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելուց, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում՝ նախորդ ռեժիմի համար պատմության դասագրքերը կեղծելով կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով։ Մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից, և նրանք այլևս գոնե իմ նախարարության օրոք հասանելիություն չեն ունենալու ՀՀ կրթական բյուջեին և այնտեղից սնվելուն։ Չափորոշիչների մշակման ժամանակ շատ հստակ է եղել, որ այստեղ առավել մեծ ընդգրկվածություն պետք է ունենան ուսուցիչները և զանազան մասնագետներ, որոնք փորձ ունեն ոլորտում»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել