Չորս օրում այնքան զրահատեխնիկա ենք խոցել, որքան արցախյան ողջ առաջին պատերազմում․ Արայիկ Հարությունյան 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին հայտարարեց՝ դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել, մարտական գործողությունները ընթացել են ճակատային ողջ գծով։ Նրա խոսքով՝ կան փաստեր այն մասին, որ մարտական գործողություննեը շատ ավելի վաղ էին պլանավորվել. 

«Անցած չորս օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում»,- ասաց Հարությունյանը։ 

Սիվիլնեթի հարցին՝ կա՞ն արդյոք ազդակներ Ռուսաստանից բանակցությունների մեկնարկի մասին, Արցախի նախագահը պատասխանեց. «Այն ժամանակ կռվում էր Արցախը Ադրբեջանի դեմ ու ռուսը կարող էր «համոզել» Ադրբեջանին ու խնդրելու հայաստանին զինադադարի առումով, այսօր պետք է խոսի Հայստանի հետ և Թուրքիայի հետ։Ես չգիտեմ, թե ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու թուրքական իշխանության հետ»։ 

Արայիկ Հարությունյանն ասում է՝ ՊԲ-ում ծառայում է 18-ամյա զինծառայող, ով խոցել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա և այժմ շարունակում է ծառայությունը, կան արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի մասնակցած անձինք, ովքեր այժմ ևս մարտադաշտում են ու երեք տանկ են առգրավել Ադրբեջանից։ 

Անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան ժամանած վարձկանների թեմային՝ Հարությունյանը հիշեցրեց չեչեն ռազմական գործիչ Շամիլ Բասաեւի հայտարարությունը այն մասին, որ արցախյան պատերազմն իրենց պատերազմը չէ։ Նա նաև կանխատեսել է, որ «վարձկանները փորձանք են դառնալու Ադրբեջանի ժողովրդի գլխին»։ Արցախի նախագահի խոսքով՝ Արցախի անկախության ճանաչման հարցը օրակարգում է, սակայն պիտի կայացվի այնպիսի որոշում, որ հետագայում Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիրներ չլինեն։ 

«Արցախը երբեք չի գրավվել ու չի գրավվելու»,- հայտարարեց Հարությունյանը։