Ծանր մարտերը օդում, ցամաքում ու վիրտուալ տիրույթում շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան 

Հոկտեմբերի 3-ին մարտական գործողություններ են ընթացել Արցախի հյուսիսում ու հարավում, հակառակորդը փորձել է ճեղքել ռազմաճակատի գիծը, որը հնարավոր է եղել կասեցնել։ Միասնական տեղեկատվական շտաբի հերթական ասուլիսի ժամանակ հաղորդեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Անցնող մեկ-մեկուկես օրն ամփոփելով ու Ադրբեջանի զինուժի կորուստները թվարկելով` նա ասաց. «Միայն անցնող օրվա ընթացքում Ադրբեջանը կորցրել է 440-450 զինծառայող և ոչ միայն (նաև՝ Լիբիայից ու Սիրիայից ժամանած վարձկաններ – խմբ), տվել է 800-900 վիրավոր, 45 զրահատեխնիկա, հաջողվել է մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով, այսօր հաջողվել է խոցել նաև 10 ԱԹՍ, 3 ինքնթիռ, 1 ուղղաթիռ, 3 ՍՄԵՐՉ կայան»։ Բուն, անդադար մարտերը տևել են 6-7 ժամ և շարունակվում են։

Անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ մարտեր թեև չկան, սակայն հակառակորդը որոշակի շարժեր, հետախուզական գործողություններ է ձեռնարկում։

Մատաղիսի գրավման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-երում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների մասին հարցին Հովհաննիսյանը անեկդոտով պատասխանեց, ապա շեշտեց՝ մարտավարական բնագծերի մասին տեղեկություն ներկայացնել չի կարող. «Դիրքային փոփոխություններ նման մասշտաբի պատերազմի ժամանակ հաճախ կարող է լինել։ Կարող ենք դիրք վերցնել, մի ժամ հետո որոշենք դիրքը շրջանցել, թևանցել և այլն»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ծանր մարտերը օդում, ցամաքում ու վիրտուալ տիրույթում շարունակվում են։

Մեկնաբանել