ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։ Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի: