Պատասխանատվության սեփական բաժինը

Կարճ ժամանակ անց փուչիկը պայթեց՝ 15-տոկոսանոց տնտեսական անկման ապտակի շառաչյունով: Ինչևէ, ոչ ոք չենթարկվեց պատասխանատվության՝ ի քավություն դատարկ խոստումների:

Պատասխանատվությունից խուսափեցին նաև սոցիալական ապահովության պետական ծառայության գերխոշոր տրամաչափի գանձագողերը: Խախտումները բացահայտվեցին, սակայն մեղավորների անուններն այդպես էլ մնացին քողարկված՝ գոնե պաշտոնապես, ինչը հարյուրապատիկ արժեզրկեց բուն բացահայտումների փաստը:

Իշխանական կառույցներում ամենաթողության և պատասխանատվության բաժնից խուսափելու այլ օրինակները շատ են. յուրաքանչյուրը կարող է թվել տասնյակներով:

Այս առումով իշխանություններին ուղղված մեղադրանքների անխնա տարափը բնականոն է: Քննադատում են բոլորը՝ ի դեմս հասարակության, մամուլի, արմատական և ոչ այնքան ընդդիմության: Անշուշտ, քննադատություններն արդարացի են և հիմնավոր:

Սակայն կա մեկ այլ խնդիր, և դա, քննադատողների՝ պատասխանատվության արդեն իրենց բաժնից խուսափելու փաստն է:

Արմատական ընդդիմության ձևավորման առաջին իսկ օրվանից հնչում են արտահերթ ընտրությունների խոստումներ: Դրանք բնույթով հիշեցնում են «հուսալիության կղզյակի» հեքիաթաշարը. ճոխ բառեր և զրո արդյունք: Ընդդիմության առաջնորդները դատարկ խոստումների մեղադրանքով իշխանություններին ձաղկելու փոխարեն պետք է որ նախևառաջ կրեն իրենց իսկ ձախողումների պատասխանատվությունը՝ գոնե սխալ հաշվարկների հրապարակավ խոստովանության տեսքով:

Բացի այդ՝ արժեր հռետորական հարց տալ. իսկ ի՞նչ ենք փոխել մենք Հայաստանում վերջին երեք տարիներին: «Քաղաքացիական աննախադեպ ակտիվության խթանում» և «հանրային գիտակցության զարթոնք». դրանք ողջունելի բարեփոխումներ են, սակայն կրկին հիշեցնում են նույն իշխանությունների՝ «կայուն զարգացման ռելսերով ընթանալու» ոգեշնչող, բայց ավաղ, իրական արդյունք չպարունակող պոպուլիզմը:

Երկրորդ դաժանագույն քննադատողը մամուլն է: Երևույթը նորմալ է և ողջունելի: Մամուլի գործը, վերջին հաշվով, հենց դա է՝ լուսաբանել իրականությունը քննադատական պրիզմայով: Սակայն բնավ նորմալ չէ, երբ հրապարակվող լուրերի մեծ մասն այդպես էլ մնում է ասեկոսեների մակարդակում՝ չդառնալով իրականություն:

Օրինակները բազմաթիվ են, ինչպես հրաժարականների շարքին զուգակցող լրատվական իրարանցումը, երբ ամենուր աչք էր զարնում «Հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը» վերտառությամբ լուրը: Արմեն Գևորգյանը հրաժարական չտվեց, իսկ ստահոդ լրատվության և ապատեղեկատվության համար ոչ ոք չենթարկվեց պատասխանատվության:

«Արժանահավատ» աղբյուրներից եկող, սակայն որպես կանոն չիրականացող լուրերին հավելենք անորակ, կողմնակալ և հաճախ պնակալեզության նմանվող վերլուծությունները, ինչպես նաև մամուլի՝ որպես շանտաժի և գումար կորզելու արմատացած ընկալումը, և կստացվի, որ այլոց քննադատելուն զուգահեռ՝ արժեր մտածել ինքնազտման մասին:

Ինչպես ասում էր Մայքլ Ջեքսոնը, «I am starting from the man in the mirror»: Ցավոք, սա մեր իրականության համար չէ և գուցե հենց սա է, այլ ոչ թե ռեժիմն ու օլիգարխիան, առկա հետընթացի պատճառը:

Մեկնաբանել