Ինչպես խուսափել դեղնելուց

Սոցիալական ցանցերից օգտվողների թիվն աշխարհում մեծանում է երկրաչափական պրոգրեսիայով: Մարդիկ խաչապուրու մասին «լուրն» արդեն իմանում են ոչ միայն իրենց համակարգչից՝ օֆիսում կամ տանը նստած, այլև հեռախոսից ու պլանշետից՝ փողոցում քայլելիս կամ էլ լողափում պառկած հանգստանալիս: Նույն պրոգրեսիայով շատանում են նաև խաչապուրիների մասին լուրերը:

Սոցիալական մեդիայի տիրույթի ընդլայնումն էապես մեծացնում է ավանդական, պրոֆեսիոնալ մեդիայի տեղեկատվության ստացման և փոխանակման հնարավորությունները, նպաստում է տեղեկատվության աղբյուրների բազմազանեցմանն ու ընթերցողների լսարանի աճին:

Սակայն սոցտեխնոլոգիաների ընդլայնումը նաև լուրջ մարտահրավեր է ավանդական, պրոֆեսիոնալ մեդիայի համար, եթե վերջինս կա՛մ չի կարողանում ժամանակին համընթաց քայլել, կա՛մ էլ քայլում է՝ դեղնելով: Ընդ որում՝ չափազանց մեծ է այդ դեղնելու գայթակղությունը:

Ինչպես անել, որ պրոֆեսիոնալ լրագրությունը շարունակի ապրել, ինչպես անել, որ դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները չլղոզվեն ներկայի հարափոփոխ իրողություններին, ինչպես անել, որ մեդիան ոչ միայն տեղեկատվության, այլև վերլուծության և ծանր խոսքի ու գաղափարների հարթակ լինի. չէ՞ որ սոցիալական մեդիայում որևէ հանձնառություն չկա լրագրողական էթիկայի կանոններ պահպանելու առումով, որևէ ընդունված ստանդարտներ ու նորմեր չկան, թե ինչպիսին պետք է լինի լրատվությունը, ու չկան շատ այլ բաներ:

Այս հարցերը բազմաթիվ պատասխաններ ունեն: Դրանցից մեկը թերևս այն է, որ սոցցանցերն օգտագործելիս ավելի շատ զտող մեխանիզմներ կիրառվեն, ավելի շատ զգուշավորություն լինի լրատվությունն այդ ցանցերից քաղելիս, և ավելի շատ ուշադրություն դարձվի սեփական կոնտենտի զարգացմանը:

Պարզ պատասխանն էլ այն է, որ վախճանից խուսափելու համար պրոֆեսիոնալ մեդիան պետք է շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, քանի որ շատերը հենց այն նիշան են փնտրում, որտեղ իրենց ավելի հարմարավետ են զգում: Աշխարհը ողողված է անորակ, էժան Kia-ներով, բայց Mercedes-ի պահանջարկն առայժմ չի նվազել:

Հ.Գ.

Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանում ավանդական մեդիայի գույնը մեծ մասամբ դեղին է: Դեռևս ոչ դեղին բեկորներն էլ արագ դեղնում են: 

Մեկնաբանել