Բրազիլիան խառնվում է

Բրազիլիայի բնակչությունը մոտ 191 մլն է։ Մարդահամարի ժամանակ բրազիլացիների գրեթե 91 մլն-ը նշել է, թե իրեն սպիտակամորթ ռասայի ներկայացուցիչ է համարում, 82 մլն-ը՝ խառը ռասայի ներկայացուցիչ, 15 մլն-ը իրեն համարել է սևամորթ։ 2 մլն բրազիլացի էլ հայտարարել է, թե ինքը դեղնամորթ (մոնղոլոիդ) ռասայի ներկայացուցիչ է։ Բնիկների թիվը 817 հազ. է։

2000թ. սպիտակամորթները կազմում էին Բրազիլիայի բնակչության 53,7%-ը։ Վերջին տասը տարիներին նրանց թիվը կրճատվել է 6-տոկոսային կետով։ Սևամորթների թիվը երկրի բնակչության կազմում ավելացել է՝ 6,2%-ից հասնելով մինչև 7,6%, իսկ խառը ամուսնությունների արդյունքում ծնված բրազիլացիներինը՝ 38,5%-ից մինչև 43,1%։

Տնտեսության և անհավասարության աճ

Մարդահամարի նախնական արդյունքները վկայում են երկրի տարբեր հատվածներում ու շրջաններում սոցիալական ցուցանիշների զգալի բարելավման մասին։ Վերջին տասը տարիներին ոչ գրաճանաչների թիվը Բրազիլիայում նվազել է՝ 13,6%-ից մինչև 9,6%։ 10-14 տարեկան երեխաների շրջանում այժմ կարդալ չգիտի 3,9%-ը, մինչդեռ տասը տարի առաջ այս ցուցանիշը 7,3% էր։ Դպրոց չհաճախող երեխաների թիվը նույնպես նվազել է՝ 5,1%-ից մինչև 3,1%։

Այդուհանդերձ, մարդահամարի տվյալները վկայում են Բրազիլիայի հյուսիսի ու հարավի, քաղաքների ու գյուղական շրջանների, աղքատների ու հարուստների միջև անհավասարության խորացման մասին։ Բրազիլիայի աշխարհագրության ու վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ ամենահարուստ բրազիլացիների 10%-ին բաժին է ընկնում երկրի եկամուտների 44,5%-ը, այն դեպքում, երբ ամենաաղքատ բրազիլացիների 10%-ին՝ միայն 1,1%-ը։

Երկրի բնակչության ավելի քան կեսը սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր եկամուտներ ունի։ Ընդ որում՝ սպիտակամորթ և դեղնամորթ բրազիլացիները երկու անգամ ավելի շատ են վաստակում, քան սևամորթներն ու խառը ընտանիքներից սերող բրազիլացիները։ 

Մեկնաբանել