Ինչպե՞ս խուսափել հարկերից

Հույները մասնագիտացել են այս հարցում

Պարտքային ճգնաժամի ընթացքում խոշոր հարկատուների թիվը Հունաստանում կտրուկ կրճատվել է։ Ըստ հունական Athens News Agency գործակալության՝ սա վկայում է երկրում եկամուտները թաքցնելու զանգվածային դեպքերի մասին։

2010թ. տարեկան եկամուտը նվազագույն հարկադրույքից՝ €12 հազ., ցածր չի եղել հույն գործարարների 70%-ի (273 հազ. գործարար) դեպքում, 443 գործարարի տարեկան եկամուտը գերազանցել է €200 հազ-ը, ևս 52-ինը՝ €900 հազ-ը, վկայում են հարկային հայտարարագրերը։ Հունաստանի Կառավարությունն ակտիվորեն պայքարում է հարկերից խուսափողների դեմ։

Այսպես՝ վերջին շաբաթների ընթացքում ձերբակալվել են մի շարք անբարեխիղճ հարկատուներ, որոնց պարտքը պետական գանձարանին կազմել է մի քանի միլիոն եվրո։ Ձերբակալվածները, այնուամենայնիվ, արագ ազատ են արձակվում դեմ քրեական գործ հարուցվելուց հետո։

Գործակալության հաղորդմամբ՝ Հունաստանի Ֆինանսների նախարարությունը մտադիր է նոյեմբերի 24-ին հրապարակել այն ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց պարտքը պետբյուջեին գերազանցում է €150 հազ-ը, եթե մինչ այդ նրանք չկատարեն իրենց հարկային պարտավորությունները։

Աթենքը բանակցություններ է վարում նաև Շվեյցարիայի իշխանությունների հետ՝ շվեյցարական բանկերում պահվող հունական ավանդների հնարավոր հարկադրման շուրջ։ Հունաստանի Կենտրոնական բանկի անգամ չափավոր գնահատականով՝ 2010թ. միայն Շվեյցարիա արտահոսել է €46 մլրդ-ի ավանդ։ Զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս ցուցանիշը գերազանցում է €120 մլրդ-ը։

Նշենք, որ Հունաստանի պարտքային ճգնաժամը շարունակվում է արդեն չորրորդ տարին։ €360 մլրդ պարտք ունեցող Աթենքին մինչ այսօր դեֆոլտից հնարավոր է եղել «պաշտպանել» Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի շնորհիվ։ Հատկանշական է, որ Հունաստանում հարկային հավաքագրումներից ստացվող եկամուտները նվազում են, իսկ պետության ծախսերը՝ ավելանում՝ չնայած Կառավարության կողմից ձեռնարկվող խնայողության մի շարք միջոցառումներին։

Մեկնաբանել