Moody’s-ը չհավատաց Հայաստանին

Նախօրեին Moody’s Investors Service վարկանշային գործակալությունը որոշել է Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթով թողարկողի Ba2 վարկանիշի կանխատեսումը (հեռանկարը) «կայունից» իջեցնել «բացասականի»: Գործակալությունն իր կայքում զետեղած հաղորդագրությունում նշում է, որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում դժվար թե վերանայի Հայաստանի վարկանիշի հեռանկարը դեպի «կայուն»:

Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցում տեղի կունենա, եթե երկիրը չկարողանա հասնել պակասուրդի կրճատման նախանշված ցուցանիշին, կամ եթե ապրանքային ցածր գների և տրանսֆերտների կրճատումով պայմանավորված՝ երկրում շարունակվի ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի մեծացումը, կամ էլ նվազեն օտարերկրյա ներդրումների ծավալները՝ դրանով իսկ խաթարելով երկրի արտաքին դիրքի կայունությունը։

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի իջեցումը «կայունից» «բացասականի» Moody’s-ը պայմանավորել է նրանով, որ Հայաստանը խոցելի է Եվրոպայում, Ռուսաստանում և հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղման նկատմամբ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 58%-ը:

Մասնավորապես՝ Հայաստանի արտահանման և մասնավոր փոխանցումների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների տեսակետից Ռուսաստանից եկող ռիսկեր կան։ Բացի այդ՝ հումքային ապրանքների ցածր գների հեռանկարը կարող է ավելի վատթարացնել Հայաստանի արտահանման վիճակը, քանի որ նրանում մեծ տեսակարար կշիռ են կազմում հանքարդյունաբերական արտադրանքը, թանկարժեք քարերը և մետաղները՝ 2010թ. արտահանման 73%-ը։

«Չնայած ներկայում Moody’s-ը առաջիկա երկու տարվա համար Հայաստանում կանխատեսում է չափավոր տնտեսական աճ, բայց կարծում է, որ ռիսկերը զգալի են՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության աճի թույլ հեռանկարները»,– նշված է հաղորդագրությունում։

Moody’s-ը նշում է նաև, որ Հայաստանի դիմադրողականության համար մարտահրավեր է այն, որ տնտեսությունը մուտք է գործում բարդ ժամանակաշրջան՝ արտաքին պարտքի ավելի վատ նորմատիվային ցուցանիշով և ավելի խոցելի արտաքին դիրքով։

Moody’s-ը նշում է, որ երկիրը ներկայում բախվել է ընթացիկ հաշվեկշռի մեծ պակասուրդին (ըստ գնահատականների՝ 2011թ. ՀՆԱ-ի 11%-ի չափ) և արտաքին պետական պարտքին, որը 2008թ. (ՀՆԱ-ի 14%) համեմատ կրկնապատկվել է՝ 2011թ. հասնելով մինչև 35%, իսկ պետական ընդհանուր պարտքը 2008թ. 16%-ից 2011թ. հասել է 39%-ի։

Moody’s-ը համարում է, որ Հայաստանի Կառավարությունը հավատարիմ է հարկաբյուջետային կարգապահության ամրապնդմանը և 2012թ. պետբյուջեով ծրագրում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3,1%-ը: Գործակալությունը նշում է, որ Հայաստանի Կառավարությունը նպատակ ունի դրան հասնել նաև հարկահավաքման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերով:

Ըստ Moody’s-ի՝ այդ միջոցառումների ազդեցությունն այդուհանդերձ անորոշ է, հարկաբյուջետային կոնսոլիդացումն իրականացնելու ռիսկերը բավական մեծ են՝ նկատի առնելով Հայաստանի տնտեսական աճի անորոշ հեռանկարը:

Moody’s-ը վերանայել է նաև Հայաստանի արտարժութային ավանդների «երկրային առաստաղ» Ba3 վարկանիշի հեռանկարը՝ դեպի «բացասական» (սա նշանակում է, որ պարտքային պարտավորություններն ունեն որոշ գծեր, որոնք բնորոշ են սպեկուլյատիվ գործիքներին և ենթակա են վարկային զգալի ռիսկերի)։

Ազգային արժույթով պարտքի «երկրային առաստաղի» A3 վարկանիշը Moody’s-ը նվազեցրել է մինչև Baa1՝ համապատասխանեցնելով ազգային արժույթով ավանդների վարկանիշին, որը սահմանվել էր Baa1: Սա նշանակում է, որ ավելացել են վարկային ռիսկերը, որոնք որոշակի սպեկուլյատիվ բնույթ են կրում։ Հայաստանի՝ արտարժույթով պարտքի երկրային առաստաղը վերահաստատվել է Baa3:

Հնարավոր հետևանքներ

Նմանատիպ վարկանիշները երկրին հարկավոր են դրսից վարկեր և ներդրումներ ներգրավելու համար: Որքան վարկանիշը բարձր է, այնքան վարկն էժան է: Վարկեր տրամադրելիս ներդրողները սովորաբար հաշվի են առնում երեք՝ Fitch, Moody՚s և Standard & Poor՚s գործակալությունների վարկանիշները: Դրանց հրապարակած տվյալներով գնահատվում է ոչ միայն երկրի վարկունակությունը, այլև տնտեսական իրավիճակը:

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայումը առաջին հերթին հարվածելու է բանկային համակարգին։ Այսօր Հայաստանի առևտրային բանկերը ներքին տնտեսության վարկավորման համար ներգրավում են վարկեր միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև բանկերից, ինչի արդյունքում հնարավոր է դառնում համեմատաբար էժան վարկեր տրամադրել։

Օրինակ՝ այսօր մեկ տարուց ավելի մարման ժամկետով արտարժութային վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 11,52%, իսկ դրամային ավանդներինը՝ 17,35%։ Վարկանիշի հեռանկարի վերանայման հետևանքով նաև առևտրային բանկերի համար կարող են թանկանալ ֆինանսական ռեսուրսները։ 

Մեկնաբանել