Փակ շղթա

Վարկանիշի իջեցումն անուղղակիորեն ազդում է Հայաստանի կողմից ներգրավվելիք վարկերի տոկոսադրույքի վրա: Մի տեսակ փակ շղթա է ձևավորվում, որտեղ Հայաստանի համար մի կողմից թանկանում են վարկերը, մյուս կողմից՝ մեծանում պետպարտքի սպասարկման բեռը, իսկ նոր վարկերի ներգրավումը հանգեցնում է երկրի վարկանիշի իջեցմանը։

Սեպտեմբերին մեկ այլ հեղինակավոր վարկանշային կազմակերպություն՝ Fitch Ratings-ը, Հայաստանի վարկանիշը թողել էր անփոփոխ «BB-», կանխատեսումը՝ կայուն։ Ուշագրավ է, որ այս երկու հեղինակավոր գործակալություններն էլ ընդգծում են հատկապես արտաքին շուկաների ցնցումների նկատմամբ Հայաստանի խոցելիությունը:

Թեև Fitch-ը գտնում է, որ պետական պարտքի նորմատիվային ցուցանիշը գտնվում է ընդունելի մակարդակում, սակայն Moody’s-ի կարծիքով՝ Հայաստանի դիմադրողականության համար մարտահրավեր է, որ տնտեսությունը մուտք է գործում բարդ ժամանակաշրջան՝ արտաքին պարտքի ավելի վատ նորմատիվային ցուցանիշով և ավելի խոցելի արտաքին դիրքով։

Իհարկե, Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը չի գերազանցում 45%-ը և հեռու է ՀՆԱ-ի 60%-ից («Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակում), բայց պետական պարտքի հարցում կարևոր է ոչ միայն նրա տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, այլև նրա կառուցվածքը։

Անցած տարի Դ1,4 տրլն պետական պարտքի 87%-ը բաժին է ընկել արտաքին պարտքին: Նույն ցուցանիշը ծրագրվում է պահպանել այս տարի: Սակայն «Կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 86,2%-ի։

Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայումը «կայուն»-ից «բացասական»-ի առաջին հերթին դժվարացնելու է թե՛ Կառավարության, թե՛ բանկերի կողմից վարկային միջոցների ներգրավումը։ Խնդիրն այն է, որ վարկանիշի կամ նրա հեռանկարի վերանայումն ուղեցույց ազդակ է ներդրողներին, միջազգային ֆինանսական կառույցներին՝ տվյալ երկրի տնտեսական վիճակի և ռիսկերի մասին։

Վարկանիշի հեռանկարը «բացասական» սահմանելով՝ Moody’s-ն անուղղակի բարձրացնում է միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի Կառավարությանը տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքները։

2009թ. ՀՆԱ/արտաքին պարտք 16% հարաբերակցության պայմաններում Կառավարությունն օգտագործեց այդ «անվտանգության բարձիկը»՝ այդ ցուցանիշը հասցնելով 36%-ի: Բնականաբար, որքան մեծանում է այս ցուցանիշը, այնքան պետության համար դժվարանում և թանկանում է վարկ ներգրավելը:

Օրինակ՝ վերջին երկու տարվա ընթացքում պետական պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը՝ 2010թ.՝ 24,5%, 2011թ. ծրագրվում է 26,2%, իսկ 2014թ.՝ 32,6%: Նոր վարկերի ներգրավման դեպքում տոկոսադրույքը շարունակելու է աճել: Պետական պարտքի սպասարկման բեռը մի կողմից ավելանալու է Libor-ի բարձրացման, մյուս կողմից՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցման հետևանքով։

Ստեղծված վիճակում Կառավարությունը չի կարող հրաժարվել արտաքին աղբյուրներից վարկային միջոցների ներգրավումից, քանի որ նույնիսկ հարկային եկամուտները Դ101 մլրդ-ով ավելացնելու (ըստ 2012թ. պետբյուջեի նախագծի) դեպքում խնդիր ունի 2012թ., 2011թ. համեմատ, պետբյուջեի պակասուրդը կրճատել 0,85-տոկոսային կետով՝ հասցնելով 3,1%-ի:

Կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի $506 մլն լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել, և դրանք, փաստորեն նաև Moody’s-ի պատճառով թանկանալու միտում ունեն: Այդ միջոցներից $265 մլն-ը պետք է ուղղվի նախորդ տարիներին վերցված ավելի էժան միջոցներից ձևավորված արտաքին պարտքի սպասարկմանը։ Ստացվում է, որ Կառավարությունը թանկ փողով է փակելու էժան փողից բաղկացած պարտքը։

Գալիք տարիներին Կառավարությունը խնդիր է ունենալու նաև մի կողմից բյուջեի պակասուրդը պահել 3%-ի սահմաններում, մյուս կողմից՝ առաջիկա երեք տարիների ընթացքում արտաքին պարտքի սպասարկմանն ուղղել տարեկան շուրջ $200 մլն։ Ծրագրված պակասուրդային ցուցանիշին չհասնելու դեպքում Moody’s-ը խոստացել է նվազեցնել Հայաստանի վարկանիշը, ինչը Հայաստանի համար նշանակում է վարկերի նոր թանկացումներ։

Պակասուրդի ծրագրված ցուցանիշին հասնելը Կառավարության համար ռիսկեր է պարունակում, քանի որ Ռուսաստանից և Եվրոպայից եկող հնարավոր խնդիրների դեպքում կկրճատվի Հայաստանի արտահանումն ու տնտեսական աճը։

Փաստորեն, ստեղծվել է փակ շղթա, որտեղ Հայաստանի համար մի կողմից թանկանում են վարկերը, մյուս կողմից՝ մեծանում է պետպարտքի սպասարկման բեռը, իսկ նոր վարկերի ներգրավումը հանգեցնում է երկրի վարկանիշի իջեցմանը։