Ներողության թուրքական տարբերակը

Իհարկե, այդ հայտարարությունում առկա էին մի շարք խնդիրներ. չնշվեց, թե ով էր ներողության հստակ հասցեատերը, չթվարկվեցին կոտորածներին զոհ գնացած ազգային ու կրոնական փոքրամասնությունների անունները, չասվեց այն բոլոր զրկանքների ու ատելության դրսևորումների մասին, որոնք զուգահեռվել են այդ կոտորածներին նախորդած ու հաջորդած ժամանակաշրջաններում:

Թեև Էրդողանը կոտորածին զոհ գնացածների վերաբերյալ հստակ թիվ նշեց, մասնագիտական գրակության մեջ նշվում են մի քանի անգամ մեծ թվեր:

Անկախ ամեն ինչից՝ ներողության այդ տարբերակը աննախադեպ էր Թուրքիայի քաղաքական պատմության մեջ: Այն ցույց տվեց, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է գնալ այդ քայլին և ընդունել առնվազն հանրապետության շրջանում տեղի ունեցած ոճրագործությունների մեղքը:

Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ Էրդողանը խոսում է Դերսիմի կոտորածների մասին: 2009թ. նոյեմբերին, երբ Թուրքիայի քաղաքական վերնախավը կրկին զբաղված էր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) պատգամավոր Օնուր Օյմենի՝ Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ վիրավորական հայտարարության քննարկմամբ, Էրդողանը հակադարձեց՝ այդ իրադարձություններն անվանելով «Դերսիմի կոտորածներ»: Քրդերը Դերսիմի կոտորածներն անվանում են ցեղասպանություն, նրանք ևս բավարարված չեն Էրդողանի ներողության ձևով ու բովանդակությամբ:

Էրդողանի հայտարարությունը հարկավոր է վերլուծել նաև ներքաղաքական համատեքստում: Նրա համար քաղաքական օրակարգում առկա են մի շարք առաջնային խնդիրներ, որոնցից ամենակարևորը նոր Սահմանադրության մշակման աշխատանքներն են:

Գործող Սահմանադրության փոփոխությունը Էրդողանի առաջնահերթ քաղաքական խնդիրն է, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Ընդդիմադիր կուսակցությունների հետ ակնհայտ անհամաձայնության եզրեր կան, հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են թուրքական ինքնությանը, պետականության հիմքերին և այլ առանցքային հարցերի:

Հունիսյան ընտրություններից ի վեր՝ սահմանադրական հանձնաժողովի կողմից աննշան աշխատանք է կատարվել, և ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Սահմանադրության առաջին երեք հոդվածներին: Հետևաբար՝ վերջին քննարկումները ցույց են տալիս, որ Էրդողանը քաջ գիտակցում է, որ, առանց պաշտոնական պատմության վերանայման, որակապես նոր Սահմանադրության հեռանկարներն անիրատեսական են:

Բազմաթիվ առիթներով Էրդողանն իր քննադատությունն է հայտնել հանրապետության գոյության առաջին երկու տասնամյակների ընթացքում (1920-40 թթ.) վարված պետական քաղաքականության նկատմամբ: Ինչպես հայտնի է, 1923-46 թթ. երկրում գործում էր միակուսակցական համակարգ, և միակ կուսակցությունը ՀԺԿ-ն էր, որը հիմնադրել է Մուսթաֆա Քեմալը:

Քննադատելով ՀԺԿ-ին՝ Էրդողանը քննադատում էր ոչ միայն Աթաթուրքին և նրան հաջորդած Իսմեթ Ինոնյուին, այլև ՀԺԿ-ի թողած ամբողջ քաղաքական ժառանգությունը՝ ավտորիտար համակարգի ստեղծման, անձի պաշտամունքի խորացման և մի շարք այլ արատների հարցում: Ավելին՝ հավելյալ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ երիտթուրքական մի շարք գործիչներ ընդհուպ մինչև 1970-ականները, ազդեցիկ դիրքեր են գրավել հանրապետությունում:

Հետևաբար, քննադատելով 1920-40 թթ. հիմնադրված քաղաքական մշակույթը, Էրդողանը իրեն և համերկրացիներին ուղղակի կամ անուղղակի կոչ է անում պատրաստ լինել Թուրքիայի պատմության վերանայմանը՝ սկսած առնվազն 1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից:

Ներողությանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանին ներկայացված «Հայկական սփյուռքի ներկայացուցիչ լինելու» մեղադրանքը և Էրդողանի արձագանքը խոսում է երկու հանգամանքի մասին:

Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ Դերսիմի կոտորածների մասին Կառավարության ղեկավարի քայլի վերաբերյալ առաջին մտազուգորդումը Հայոց ցեղասպանությունն էր, և Քըլըչդարօղլուի հեգնական ոճի հարցադրում-մեղադրանքը, ամենայն հավանականությամբ, փորձ էր ստուգելու Էրդողանի մտադրությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության վերաբերյալ:

Հետևաբար, եթե անգամ ԱԶԿ-ՀԺԿ փոխադարձ մեղադրանքների փուլը նվազի, ապա այդ ներողության ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա շարունակելու է զգացնել տալ դեռ երկար ժամանակ:

Ավելին՝ ԵՄ և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունները պետք է օգնության ձեռք մեկնեն Էրդողանին ինքնամաքրման դանդաղ գործընթացը պատվով ու սահուն անցելու գործում: Անշուշտ, Էրդողանը չի կարող մեծ քայլեր կատարել այդ ուղղությամբ, դրանք լինելու են փոքր քայլեր: Էրդողանի նման հայտարարությունները հասկանալիորեն ավելի մեծ ազդեցություն են թողնում հանրային կարծիքի ձևավորման ու կառավարման վրա, քան բազմաթիվ գիտական ու հասարակական քննարկումներ:

Հայկական հարցի ուրվականը կշարունակի շրջել Անկարայի իշխանական միջանցքներում այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան անպատրաստ է բացեիբաց նայել սեփական պատմությանը: 

Մեկնաբանել