ՀԱԷԿ-ն ավելի երկար կշահագործվի

Երեկ ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը:

«Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ»,– ասել է նախագահը՝ հավելելով, թե ակնհայտ է, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում ստիպված կլինեն լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը։

Նախագահի այս հայտարարությունը ուշագրավ է, քանի որ իշխանությունները կարծես հասկացել են, որ մինչև 2016թ. անհնար է նոր միջուկային էներգաբլոկ կառուցել։

Իհարկե, իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրին, բայց իրականում դրա իրականացման հետ խնդիրները շարունակում են չլուծված մնալ։ Նախ՝ մինչ այժմ հայտնի չեն նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման աղբյուրները: Բացի այդ՝ որպեսզի էներգաբլոկը շահագործման հանձնվի 2016թ., շինաշխատանքներն արդեն պետք է սկսված լինեին, քանի որ բուն շինաշխատանքների տևողությունը գնահատվում է 5 տարի։

Հայաստանում ծրագրվում էր 2011թ. ապրիլին անցկացնել «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողով, որը չկայացավ: Ներկայում արդեն ակնհայտ է, որ այս տարի այն չի կայանա։

Իսկ քանի դեռ հայտնի չեն նոր ԱԷԿ-ի ֆինանսավորման աղբյուրները, դրա իրականացումը չի կարող սկսվել։ 1060 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել է միայն Ռուսաստանը (ներդրումների 20%-ի չափով), որի մասնակցությունը կլինի ռուսական ԱԷԿ-92 նախագծի «միջուկային կղզյակի» միջոցով։ Նոր էներգաբլոկի կառուցման համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է $4-$5 մլրդ-ի ներդրում։

Իհարկե, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2010թ. օգոստոսին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: «Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները:

Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաև մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար»,– ասել է նախագահը:

Նշենք, որ թեև ռուսական ԱԷԿ-92 նախագիծը հնարավորություն է տալիս օգտագործել նաև այլ երկրների արտադրած սարքավորումները, մասնավորապես անվտանգության համակարգը կամ տուրբինները, բայց որքանով ֆրանսիական ընկերությունները պատրաստ կլինեն ներդրումներ կատարել նոր էներգաբլոկում՝ ցույց կտա ժամանակը։

Խնդիրն այն է, որ նոր էներգաբլոկի դրվածքային հզորությունները երկու անգամ ավելին են, քան գործող Մեծամորի ատոմակայանինը, որն ապահովում է արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 45%-ը, ինչը նշանակում է, որ առկա են էլեկտրաէներգիայի իրացման խնդիրներ։

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերջնական որոշումը պետք է ընդունվի 2013-2014 թթ., քանի որ անհրաժեշտ է լինելու կատարել նրա տեխնիկական վիճակի և անվտանգության լուրջ ուսումնասիրություններ։

Օրինակ՝ անցած տարեվերջին, հիմք ընդունելով ատոմակայանների շահագործման ժամկետի երկարացման Ռուսաստանի և Ուկրաինայի փորձը, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել էր, որ հայկական ատոմակայանի մի բլոկի շահագործումը երկարացնելու համար կպահանջվի մոտավոր հաշվարկներով $100-150 մլն։

Ըստ էության, Հայաստանի իշխանությունների համար ավելի հեշտ կլինի հայթայթել $150 մլն-ը, քան $5 մլրդ-ը։ Ներկա պայմաններում երկրի էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը միակ օպտիմալ տարբերակն է։ 

Մեկնաբանել