Վերադարձ ակունքներին՝ Լևոն Իսկենյանի մշակմամբ

Միստիկ-փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գյուրջիևը ծնունդով գյումրեցի է, Ավետիք Իսահակյանի ու հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի ժամանակակիցը։ Գյուրջիևի գաղափարներն աշխարհում լայն ճանաչում են գտել՝ շնորհիվ նրա անվան ինստիտուտների, որոնք մինչև այսօր գործում են աշխարհի մի շարք երկրներում:

Իր հայտնի արևելյան ճանապարհորդությունների ժամանակ փիլիսոփան հավաքել է տիբեթական, հունական և շատ այլ ժողովրդական մեղեդիներ, որոնց դաշնամուրային վերարտադրությունը հետագայում գրառել է նրա աշակերտ Թոմաս դե Հարթմանը:

Գյուրջիևը համարում էր, որ ժողովրդական երաժշտությունը օբյեկտիվ երաժշտություն է, այն խորքային ազդեցություն ունի, որին արձագանքում են նույնիսկ կենդանիներն ու բույսերը: Երաժշտագետներից շատերի կարծիքով՝ Գյուրջիևի աշխատանքները վերադարձ են դեպի նախակոմպոզիտորական ժամանակաշրջան:

Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլը ստեղծվել է 2008թ.՝ նպատակ ունենալով նրա ստեղծագործություններին վերադարձնել սկզբնական հնչողությունը՝ ժողգործիքների կատարմամբ: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը Գյուրջիևի 300 ստեղծագործություններից ընտրել է 17-ը, և դրանք գործիքավորել ժողովրդական նվագարանների համար:

Իսկենյանն ուսումնասիրել է տարբեր երկրների երաժշտական ավանդույթները, նվագարանների տեսակները և աշխատել համապատասխանեցնել դրանք հայկական նվագարաններին: «Հաշվի է առնվել յուրաքանչյուր գործի էթնիկ պատկանելությունը և դրան կապված ձայնային բնաշխարհը, երաժշտական լեզուն ու կատարման ավանդույթները: Արվել է հնարավորը՝ ազգագրական առումով ճշգրիտ մշակումներ կատարելու համար»,– ասում է Իսկենյանը:

Գյուրջիևի երաժշտությունը ներկայացնող հայկական անսամբլի ձայնասկավառակը թողարկվել է 2011թ. հուլիսին մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM Records-ի կողմից: Այս ընկերությունն աշխարհին է ներկայացրել այսօրվա մեծանուն երաժիշտներից շատերին՝ Արվո Պյարտ, Քեյթ Ջարեթ, Գիդոն Կրեմեր, Չիկ Կորեա:

Մինչ այժմ հայաստանյան միակ երաժիշտը, որի ստեղծագործությունների ձայնագրությունները լույս են տեսել ECM Records լեյբլի ներքո, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է եղել: Հենց նա էլ օգնել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանին կապ հաստատել ստուդիայի տնօրեն Մանֆրեդ Այխերի հետ:

«Այս գործիքավորման մեջ ինձ գրավեց ծայրահեղ բծախնդիր, մաքուր վերաբերմունքը՝ առանց ավելորդ «խելոքությունների», «կոմպոզիտորությունների»՝ ներկայացնելով ճշգրիտ այն Գյուրջիևին, որն իր մեջ կրում է նաև Գյումրու միջավայրին, վարք ու բարքին, հոգեբանությանը բնորոշ տարրեր»,– Իսկենյանի գործիքավորումները ներկայացնում է Մանսուրյանը:

Լևոն Իսկենյանը հույս ունի, որ ձայնագրությունը ուշադրություն կհրավիրի Գյուրջիևի ակունքների վրա, ինչպես նաև յուրատեսակ արահետ կդառնա արտերկրում հայկական ժողովրդական երաժշտության տարածման համար։

Ձայնասկավառակն աշխարհում արժանացել է ջերմ ընդունելության և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (BBC Music Magazine,The Guardian, The Financial Times, The Independent, USA National Public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung, L’Unita, LA LIBERTÉ, The Wire) դրական գնահատականին։ Բրիտանական Songlines Magazine-ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այս ձայնասկավառակը ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։

Անսամբլն արդեն բազում հրավերներ ունի Շվեյցարիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելգիայից և Իսպանիայից: 

Մեկնաբանել