Հայկական դեղերի արտահանման աշխարհագրությունը մեծ է

Դեղագործության ոլորտի խնդիրների և հեռանկարների շուրջ «Օրակարգ»-ը զրուցել «Ի-Վի Քոնսալթինգ»-ի մարկետինգային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանի հետ:

-Պրն Հովհաննիսյան, ինչո՞ւ է դեղագործությունն ընտրվել թիրախային ոլորտ:

-Ելնելով արտահանման նպատակադրումից՝ վերլուծվել է Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքը: Դրանից հետո հաշվի է առնվել տնտեսության դիվերսիֆիկացման սկզբունքը, ոլորտների արտահանման ներուժը: Շատ կարևոր է, որ բոլոր այս ճյուղերը զարգացման փուլում փոխլրացնող ազդեցություն, սիներգիաներ ունենան: Արդյունքում առանձնացվել է 11 ճյուղ, որոնցից երեքի համար արդեն մշակվել է զարգացման ռազմավարություն:

Դրանք են կոնյակագործությունը, դեղագործությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը: Այս երեք ճյուղերն ընտրվել են բալանսավորման սկզբունքով, այսինքն՝ առաջին հորիզոնում գտնվում է առավել հասուն ճյուղը, երկրորդ հորիզոնում՝ դինամիկ աճողները, օրինակ՝ դեղագործությունը, որտեղ հնարավոր է արդյունք ստանալ մոտ հինգ տարվա կտրվածքով, երրորդում՝ ավելի երկարաժամկետ ներդրումներ պահանջող ճյուղերը:

Դեղագործությունը այն եզակի ճյուղերից է, որը կայուն աճում է և անգամ տնտեսական ճգնաժամի ժամանակ պահպանեց աճի միտումը: Այս ոլորտի հիմնական խաղորդները գործունեությունը սկսել են փոքր արտադրություններից, ստեղծել են բավական լուրջ կարողություններ, վերջին երկու տարիներին մեծ ներդրումներ են կատարել ու կրկնապատկել իրենց արտադրական  հզորությունները: Ոլորտի առանձնահատկություններից է մասնակից ընկերությունների սերտ համագործակցությունը և միասնական քայլերով ոլորտը զարգացնելու պատրաստակամությունը:

-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել դեղագործության ոլորտն ընթացիկ տարում:

-Ոլորտի խաղորդները մեծ ներդրումներ են կատարել իրենց արտադրական կարողություններն ավելացնելու ուղղությամբ: Այդ ընկերություններից են «Ֆարմատեք»-ը, «Լիկվոր»-ը, որը գործարան բացեց սեպտեմբերին, «Արփիմեդ»-ը, որը ձեռք է բերել արտադրական նոր հոսքագիծ: Կան նաև ընթացիկ ներդրումային ծրագրեր: Օրինակ՝ Երևանի քիմդեղագործական ֆաբրիկան, «Էսկուլապ», «Վիտամաքս» ընկերությունները ևս մեծացնում են իրենց արտադրական ներուժը:

Այս պահին դեղագործական հայտնի GlaxoSmithKline ընկերությունը հետաքրքրված է իր արտադրական գործընթացների՝ Հայաստան արտապատվիրմամբ, նախնական փուլում՝ փաթեթավորմամբ: Հավանական է, որ հաջողության դեպքում այս ընկերությունը հետագայում արտադրություն սկսի Հայաստանում, ինչն առավել կհեշտացնի միջազգային այլ խոշոր դեղարտադրողների մուտքը:

-Ոլորտի զարգացումը կախված է արտահանումից: Որո՞նք են հիմնական շուկաները:

-Իսկապես, դեղագործության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Օրինակ՝ 2010թ. արտահանվել է արտադրված դեղերի 57%-ը: Արտահանման աշխարհագրությունը մեծ է՝ չնայած դեղերի գերակշիռ մասն արտահանվում է ԱՊՀ երկրներ և Վրաստան: Արդեն իսկ քայլեր են արվում Մերձավոր Արևելքի շուկաներ ներթափանցելու համար: Տեղական ընկերությունները մասնակցում են Հորդանանում, Եգիպտոսում, Իրաքում և այլուր հայտարարվող տենդերներին:

-Արտահանումը զարգացնելու համար դեղարտադրողները պետք է այդ շուկաներում մարկետինգային ծախսեր իրականացնեն: Նրանք պատրա՞ստ են արդյոք դրան:

-Մեր ընկերությունները բավական հաջող գործում են ԱՊՀ շուկաներում, այնտեղ ունեն գործընկերներ, դիստրիբուտորներ, որոնք էլ իրականացնում են մարկետինգը և վաճառքը: Սա մեր ռազմավարության կարևոր խնդիրներից է: Դիստրիբուցիայի և վաճառքի փուլում կարևոր է պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը:

Արտահանման ռազմավարության շրջանակում պետությունը հանձնառություն է վերցրել հայ արտահանողներին աջակցել շուկաների ուսումնասիրության, ցուցահանդեսների և մասնագիտական համաժողովների մասնակցության գործում համաֆինանսավորելու մասով:

-Դեղագործության ոլորտում կա կրիտիկական խնդիր՝ GMP ստանդարտը (թարգմանաբար՝ պատշաճ արտադրական գործունեություն (good manufacturing practice), որը դեղագործական արտադրությունում գործողությունների և համակարգերի ներդրումն է, որոնք ենթադրում են դեղի որակի վերահսկում, արտադրական գործընթացի որակի համակարգ և պատրաստի դեղորայքի փորձարկում – խմբ.): Ի՞նչ քայլեր են կատարվում այդ ստանդարտի ներդրման համար:

-GMP-ն այսօր դարձել է օրախնդիր: Սա պահանջ է ոչ միայն արտահանման, այլև տեղական շուկայում արտադրանք վաճառելու համար: ԱՊՀ շուկաներից Ուկրաինան ու Բելառուսն արդեն խիստ պահանջներ են դնում: Կա նաև ընդհանուր համաձայնություն, ըստ որի՝ 2014-ից ԱՊՀ բոլոր երկրները ներմուծվող դեղորայքի համար կպահանջեն այդ ստանդարտի առկայությունը: Սա գիտակցում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում:

Ըստ կառավարության որոշման՝ նախատեսվում է 2013թ. հունվարի 1-ից GMP հավաստագրումը դարձնել պարտադիր պահանջ: Ընդ որում՝ որոշվել է Հայաստանում կիրառել ամենախստապահանջ համակարգը՝ եվրոպական ստանդարտները: Թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը լուրջ անելիքներ ունեն, որպեսզի համակարգը ներդրվի, և ընկերությունները կարողանան հավաստագրվել:

Ռազմավարության կարևոր նախաձեռնություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում կարողանանք ձևավորել համապատասխան ենթակառուցվածք՝ տեսչություն՝ համապատասխան օրենսդրական բազայով և մասնագետներով, որը կկարողանա իրականացնել GMP աուդիտը:

-Պատրա՞ստ են արդյոք հայ դեղարտադրողները ներդնել GMP ստանդարտը:

-Որոշ ընկերություններ արդեն մեծ մասամբ գործում են GMP ստանդարտներով, մի քանիսում միջազգային ընկերությունների կողմից աուդիտ է իրականացվել, որը հավաստել է, որ նրանք գործում են GMP-ին համապատասխան: Սա ավելի կհեշտացնի այդ ստանդարտների ներդրման գործը, եթե մյուս ընկերությունները ևս ինտեգրվեն գործընթացին: Եթե դա չկիրառվի, մոտակա տարիներին դեղագործության ոլորտը պարզապես կդադարի գոյություն ունենալ:

-GMP ստանդարտից բացի՝ շուկա մուտք գործելու համար պահանջվում է դեղերի փորձարկում: Որքանո՞վ է դա բարդացնում դեղերի արտահանումը;

-Դեղորայքի փորձարկման ժամկետները տարբերվում են ըստ երկրների: Օրինակ՝ Վրաստանում դրանք գրանցվում են երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանում՝ երկու տարվա, որն ուղեկցվում է բյուրոկրատական մեծ քաշքշուկով ու ծախսերով: Ուկրաինայում GMP ստանդարտը պարտադիր է, և եթե ներմուծվող դեղորայքի ծագման երկիրը սեփական ստանդարտներ չունի, ապա հրավիրվում են մասնագետներ, որոնք հավաստում են դեղերի անվտանգությունը և համապատասխանությունը GMP ստանդարտներին:

Սակայն դրա համար ներմուծող ընկերությունը մեծ գումարներ է վճարում: Եթե մենք ունենանք տեղական ստանդարտներ և հասնենք դրանց միջազգային ճանաչմանը, էականորեն կհեշտանա հայկական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ:

-GMP-ից բացի՝ ի՞նչ հիմնախնդիրներ կան Հայաստանի դեղագործության ոլորտում:

-Եթե ուսումնասիրենք ոլորտի արժեքային շղթայում առկա խնդրահարույց տեղերը, ապա՝ տեղական հումքի բացակայությունը, որակի վերահսկումն ու հավաստագրումը, դիստրիբուցիան ու վաճառքը: Այս երեք գործընթացները ռազմավարության հիմնական թիրախներն են:

Այսօր Հայաստանում մեծացնելով արտադրական ծավալները՝ արդեն իսկ իրագործելի է տեղում որոշակի հումքատեսակների արտադրության կազմակերպումը: Այդ նպատակով նախատեսվում է համապատասխան ուսումնասիրություն կատարել և դրական արդյունքների դեպքում ներդրումների միջոցով ստեղծել տեղական հումքային բազա: 

Մեկնաբանել