10 իրադարձություն, որոնք կհիշեցնեն Մրցաշրջան-2011-ը

10-րդ տեղ – Պատանեկան ֆուտբոլ՝ էլիտ ռաունդում

Հոկտեմբերի 21-26-ը Երևանում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականը, ցուցադրելով ոչ այնքան համոզիչ և վստահ խաղ, այդուհանդերձ, կարողացավ խմբում գրավել 2-րդ տեղը՝ իրավունք ստանալով հաջորդ տարի մասնակցելու էլիտ ռաունդի խմբային մրցաշարին։

9-րդ տեղ – «Ուլիս»-ը «Փյունիկ»-ի ճանապարհին

Իր գոյության ընդամենը 5-րդ տարում «Ուլիս»-ը կարողացավ առաջին անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ ընդհատելով «Փյունիկ»-ի տասնամյա մենիշխանությունն առաջնությունում: Թիմի հաջողության հիմքում ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ֆուտբոլիստների անչափ նվիրված աշխատանքն էր: Հանդիպումներից շատերում «Ուլիս»-ը կարողանում էր հաղթանակներ կորզել վերջին վայրկյաններին, ինչը վկայում է թիմի համառության և մինչև վերջ պայքարելու ձգտման մասին։

8-րդ տեղ – IBO՝ թեթևքաշային տիտղոս Երևանում

Սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշայինների տիտղոսային մենամարտ՝ WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և IBO տիտղոսի պարտադիր հավակնորդ Էվանս Մբամբայի միջև: Նման իրադարձություն Հայաստանում տեղի էր ունենում առաջին անգամ ու այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ մարզասերների շրջանում: 12-ռաունդանոց մենամարտի ողջ ընթացքում մեծ առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ՝ Վիկը հաղթանակ տարավ միավորների լուրջ տարբերությամբ։

7-րդ տեղ – Նախաօլիմպիական ձախողում «մեր» մարզաձևերում

2011-ը նաև նախաօլիմպիական էր, ուստի օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնություններում մեդալներից զատ խաղարկվում էին օլիմպիական ուղեգրեր: Ցավոք, նույնիսկ մեր հենակետային մարզաձևերի՝ ծանրամարտի և ըմբշամարտի ներկայացուցիչներն անհաջող ելույթներ ունեցան աշխարհի առաջնություներում: Սա, իհարկե, պետք է սթափեցուցիչ դեր խաղա՝ օլիմպիական 2012թ. նույն սխալները չկրկնելու համար։

6-րդ տեղ – Եվրոպայի չեմպիոնը՝ տարվա լավագույն մարզիկ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Մրցակիցներին չզիջելով և ոչ մի մրցափուլ՝ Ռոմանը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկի ելույթն այնքան տպավորիչ էր, որ տարեվերջին մարզական լրագրողները նրան ճանաչեցին 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկ՝ չնայած աշխարհի առաջնությունում ունեցած անհաջող ելույթին։

5-րդ տեղ – Վլադիմիր Հակոբյանի հետքերով

Բրազիլական Կալդաս-Նովասում նոյեմբերին կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը լավագույնը ճանաչվեց Մ18 տարիքային խմբում: Սամվելը մրցաշարի մեկնարկում տարավ վեց անընդմեջ հաղթանակ և 9 հնարավորից վաստակեց 7 միավոր։ Հայկական շախմատի պատմության մեջ մինչ այս միայն Վլադիմիր Հակոբյանին էր հաջողվել դառնալ Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն։

4-րդ տեղ – ՀՖՖ գործկոմ՝ պատմական որոշումներ

ՀՖՖ գործկոմի նոյեմբերյան որոշումները բուռն քննարկումների տեղիք տվեցին ֆուտբոլասերների և մասնագետների շրջանում. 2012-ից արտասահմանցի դարպասապահներն իրավունք չեն ունենա հանդես գալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, 2013-ից Հայաստանի առաջնությունն անցում կկատարի աշուն-գարուն համակարգին, ինչի կապակցությամբ էլ 2012թ. առաջնությունը կլինի միջանկյալ և կձգվի մինչև 2013թ. մայիսը: Եվս մեկ որոշում կապված էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության կարգի հետ: Այսուհետ հավակնորդների թվում կարող են լինել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Հենց այս որոշման շնորհիվ էլ Հենրիխ Մխիթարյանը 2-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

3-րդ տեղ – Կրկին շախմատ ու կրկին աշխարհի չեմպիոն

Հայկական շախմատի հաջողություններն արդեն սովորական են դարձել: Ամռանը Չինաստանի Նինգբո քաղաքում տեղի ունեցած աշխարհի թիմային առաջնությունում մեր տղաների ելույթն իրոք տպավորիչ էր: Իր պատմության մեջ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հռչակվեց աշխարհի թիմային չեմպիոն: Հաղթանակի կարևոր գրավականներից էր Սերգեյ Մովսիսյանի հաջող ներգրավումը հավաքականում։

2-րդ տեղ – 4։0 ու 44-րդ հորիզոնական

Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ժիլինայում 4։0 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ։ Դա ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն էր հավաքականի գրեթե 20-ամյա պատմության մեջ, ինչը մեր ֆուտբոլիստներին թույլ տվեց պահպանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Փառահեղ այս հաղթանակն անհետևանք չմնաց։ Սեպտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացավ միանգամից 27 տեղով և զբաղեցրեց իր համար աննախադեպ 44-րդ հորիզոնականը: Հետագա երեք ամիսների ընթացքում Հայաստանի հավաքականը կորցրեց ընդամենը 2 հորիզոնական և տարին եզրափակեց 46-րդ տեղում։

1-ին տեղ – Իռլանդական մղձավանջ…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով արդեն ապացուցել էր բոլորին, որ կարող է իրապես հավակնել Եվրո-2012-ի ուղեգրին: Երազանքի իրականացման ճանապարհին կանգնած վերջին՝ ամենադժվար արգելքը Իռլանդիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումն էր։ Ցավոք, երազանքները հօդս ցնդեցին մրցավարական կողմնակալության, միգուցե և մեր անփորձության պատճառով:

Առաջին կեսի միջնամասում մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղադաշտից հեռացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, իսկ խաղակեսի վերջում Վալերի Ալեքսանյանը, տեղի տալով լարվածությանը, գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 2-րդ խաղակեսում մեր հավաքականը 10 հոգով էլ վատ չէր խաղում, սակայն զգացնել տվեց Բերեզովսկուն փոխարինած Արսեն Պետրոսյանի անփորձությունը:

Մեր տղաներն այդպես էլ չկարողացան խաղի նժարը թեքել իրենց կողմն ու պարտվեցին 1։2 հաշվով: Իհարկե, ցավալի է, որ մրցաշրջանի ամենահիշվող և ամենաքննարկված իրադարձությունը բացասական երանգ ստացավ, այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, բոլորը գոհ մնացին Հայաստանի հավաքականի հասուն ու բարձրակարգ խաղից։ 

Մեկնաբանել