Սաակաշվիլին անձամբ օգնել է վրաց փախստականներին մուտք գործել իրենց նոր բնակարանները

Միխեյլ ՍաակաշվիլիՎրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Բաթումիում նոր բնակելի թաղամաս է բացել օկուպացված տարածքներից տարհանված փախստականների համար և անձամբ օգնել է նրանց տեղափոխել իրերը. նա նստած էր ավտոբուսներից մեկի ղեկին, որը տեղափոխում էր փախստականների ընտանիքները իրենց նոր բնակության վայրը, հաղորդում է Newsgeorgia-ն:

Նոր թաղամասում կառուցված են 22 հինգհարկանի մասնաշենքեր’ նախատեսված 608 ընտանիքների համար: «Փախստականների մի մասը փոխհատուցում կստանա, մյուս մասը’ նոր բնակարաններ: Իհարկե, առարկություններ կլինեն, սակայն մեր գլխավոր սկզբունքն է’ ոչ ոքի չմատնել անուշադրության», – պարզաբանել է Սաակաշվիլին:

Նոր բնակելի թաղամասը ապահովված է լավ ենթակառուցվածքային համակարգով: Բացի հարմարավետ բնակարաններից, առաջին հարկերում տեղակայված են առևտրային տարածքներ, որտեղ կարող են աշխատանքի անցնել բուն փախստականները: Նախագիծն իրականացվել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ’ Վրաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:

Մեկնաբանել