Արոնյանի հզոր մեկնարկը Վեյկ ան Զեեում

Առաջին տուրում Արոնյանը սևերով խաղում էր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ: Մրցակիցներն ընտրեցին իսպանական պարտիա: Ռուս գրոսմայստերը միջնախաղում սրեց խաղը կենտրոնում, այնուհետ կենտրոնացավ a6 զիվորի վրա: Արոնյանը հաճույքով այն «զիջեց»։ «Դանայան նվերն» ընդունելուց հետո Կարյակինը հապաղեց թագուհիների փոխանակություն կատարել, իսկ ահա ակտիվացած սև թագուհին նախ օգնեց հետ բերել զինվորը, իսկ թագուհիների փոխանակությունից հետո մնացած «սև գործն» արեցին սև նավակները, որ անհամեմատ ավելի ակտիվ էին:

Շուտով Կարյակինը կորցրեց երկրորդ զինվորը, իսկ 42-րդ քայլին ռուս գրոսմայստերը հանձնվեց՝ հակախաղ չգտնելով սևերի c զինվորի առաջխաղացման դեմ, թեև Արոնյանը նույնիսկ որակի զոհաբերություն առաջարկեց: Զոհաբերությունն ընդունելու փոխարեն Կարյակինն ավելի խելոք գտնվեց՝ պարզապես կանգնեցրեց ժամացույցը:

Արոնյանի երկրորդ պարտիան ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ շատ ավելի համառ ստացվեց: Սևերով խաղացող ամերիկացին ընտրեց հոլանդական պաշտպանություն (d4-ին պատասխանեց f5)՝ հավանաբար կարծելով, որ Հոլանդիայում այդ սկզբնախաղն իրեն առավելություն կբերի: Բայց հայ գրոսմայստերն այնքան էլ հակված չէր հարգելու հյուրընկալության կանոնները: Այս անգամ Լևոնն ինքը սրեց խաղը կենտրոնում, ու նորից a գծի վրա առաջարկեց զինվորի ժամանակավոր զոհաբերություն: Այնուհետ պարտիան խիստ հետաքրքիր շարունակություն ստացավ: Արոնյանն իր թագուհին հանձնեց սևերի ձիու, նավակի և զինվորի դիմաց: Այդ փոխանակության դիմաց նա նաև ակտիվ կենտրոն ու բաց գծերում իշխող նավակներ ստացավ։ Սակայն այդպիսի առավելությունն իրացնելն այնքան էլ հեշտ չէ:

Ճշգրիտ խաղի դեպքում սևերը կարող էին հավակնել նաև ոչ-ոքիի, իսկ սպիտակների նույնիսկ չնչին վրիպումը կարող էր ճակատագրական լինել: Բարեբախտաբար, Նակամուրան այնքան էլ վստահ չէր: Նրան հաջողվեց ակտիվացնել միակ նավակը, բայց ինքն էլ առաջարկեց այն փոխանակել: Սա, ըստ երևույթին, լավագույն որոշումը չէր: Արոնյանի թեթև ֆիգուրները մոբիլ էին ու հեշտությամբ չեզոքացնում էին սև թագուհու անատամ թափառումների վտանգները: Շուտով ամերիկացին ևս մի զինվոր կորցրեց, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր:

Այսօր՝ A մրցաշարի չորրորդ տուրում, Արոնյանը հանդիպելու է ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկիի հետ:

Հիշեցնենք, որ Արոնյանը նախկինում երկու անգամ եղել է Վեյկ ան Զեեի հաղթողների շարքում՝ 2007թ. առաջին հորիզոնականը կիսելով Տոպալովի և Ռաջաբովի, իսկ 2008թ.՝ Կառլսենի հետ:

Մեկնաբանել