Սայլը ձիու առջևից

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխությանը ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին քսան տարիների կինոարտադրությունը: Հաջորդող տարիներին մրցանակաբաշխությանը կկարողանան մասնակցել նաև հայկական թեմաներով արտերկրում նկարահանված կամ սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը: Առաջին մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ՝ 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն և 32 վավերագրական։

Լավագույնները կորոշվեն 12 անվանակարգերում՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, նկարիչ, երաժշտություն, դերասանուհի, դերասան, կարճամետրաժ ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, դեբյուտ կամ տարվա հայտնություն: Հայտնի է նաև ժյուրիի կազմը՝ լավագույններին կընտրեն տասնմեկ արվեստագետներ՝ Սոս Սարգսյանի գլխավորությամբ:

Հայկական ազգային կինոմրցանակաբաշխության գաղափարը առիթ էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայկական կինոյի խնդիրների մասին: Անցած ուրբաթ՝ մամուլի ասուլիսին, ժյուրիի անդամ կինոգետ Սուրեն Հասմիկյանը, դիմելով լրագրողներին, հարցրեց. «Քսան տարիների ընթացքում Հայաստանում շուրջ հինգ հարյուր ֆիլմ է նկարահանվել, քանի՞սն եք տեսել»:

Հռետորական հարցը, ինչպես պարզվեց, արդիական էր նաև իրենց՝ կինոաշխարհի ներկայացուցիչների համար:

«Մեկուկես կինոթատրոն ունենալով՝ խոսում ենք կինոարտադրության մասին. աբսուրդ է սա»,– «Օրակարգ»-ին մեկնաբանեց կինոգետ Զավեն Բոյաջյանը, որը նաև ժյուրիի անդամ է։ Կինոգետի կարծիքով՝ դժվար է աշխարհում երկիր գտնել, որը, հետամուտ լինելով կինոարտադրությանը, չի ունենա ոչ միայն ցուցադրության հնարավորություններ, այլև կինոյի մասին օրենք, դիստրիբուցիոն համակարգ, միջազգային կինոաշխարհին մասնակից դառնալու մշակված մեխանիզմներ:

Թեև մրցանակաբաշխությունները հեշտացնում են փառատոների համար ֆիլմերի ընտրությունը, սակայն Զավեն Բոյաջյանի համոզմամբ՝ առայժմ խոսք չի կարող լինել միջազգային շուկայում ներկայանալու մասին: «Նույնիսկ եթե կինոարտադրությունը կարողանանք խթանել, զարգացնել մեր ուզածի նման, միևնույն է, մենք գործում ենք խորհրդային տարիներից ժառանգած շարժանիվով։ Աշխարհն այդ ամենից վաղուց է հրաժարվել։ Մեր կինոն նայելիս առաջին իսկ կադրից հասկանում ես, որ դա հայկական ֆիլմ է»,– բողոքի իր ձայնն էր բարձրացնում կինոգետը:

Կինոգործիչները փաստում են, որ հայկական կինոն այսօր հեռու է կատարյալ լինելուց: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հույս ունի, որ մրցանակաբաշխությունը կխթանի ազգային կինոարտադրությունը՝ շահագրգռելով կինոգործիչներին և գրավելով հանդիսատեսի ուշադրությունը:

Կինոաշխարհում մրցանակներ շնորհվում են 1929-ից, երբ պրոդյուսեր Լուիս Մեյերի նախաձեռնությամբ ստեղծվեց Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: «Օսկար»-ն այսօր դարձել է կինոարտադրության հաջողության նշան. մրցանակ՝ ի պատասխան փայլուն կատարված աշխատանքի:

Հայ կինոգործիչները ստիպված են հակառակ կողմից սկսել՝ «Հայակ»-ը դեռ պիտի ինչ-որ կերպ խթանի լավ ֆիլմերի ստեղծումը, որոնք հետո ըստ արժանվույն կգնահատվեն նույն «Հայակ»-ի շնորհմամբ…

Մեկնաբանել