Սիբիր գնալու երկընտրանքը

Նախօրեին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011թ. ՀՀ պետբյուջեի վերաբերյալ տվյալները, ըստ որոնց՝ բյուջեն թերակատարվել է Դ4,4 մլրդ-ով (տե՛ս «Դրամաշնորհներն են մեղավոր, կամ ինչու է թերակատարվել 2011թ. բյուջեն» հոդվածը): Թերակատարման հիմնական պատճառը «պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածն է՝ նախատեսված էր հավաքել Դ56 մլրդ, հավաքվել է կեսից էլ պակաս՝ Դ27,1 մլրդ: Պաշտոնական դրամաշնորհների ամենամեծ հոդվածը նախատեսվել էր ԱՄՆ-ի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով՝ մոտ Դ20 մլրդ:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում ընդգրկվելու համար պետությունները պետք է մի շարք չափանիշներ բավարարեն, որոնց թվում են քաղաքացիական ազատությունները, քաղաքական իրավունքները, կառավարման արդյունավետությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի վերահսկումը:

2009թ. Երևանի քաղաքապետի ընտրություններում տեղ գտած կոպիտ խախտումներից հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Հայաստանում դադարեցրեց գյուղական ճանապարհների կառուցման խոշորամասշտաբ ծրագիրը, իսկ անցած տարի դադարեցվեցին մյուս բոլոր ծրագրերը, քանի որ Հայաստանը չի բավարարել այդ չափանիշները կամ դրանց մի մասը:

Անցյալ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որ այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,– ասել էր Ռուբինը:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լուրջ թեստ են լինելու Հայաստանի քաղաքական համակարգի համար, թեստ, որով որոշվում է ոչ այնքան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսման և Հայաստանի ծակ գրպանը մի քիչ լցնելու հարցը, որքան ընդհանրապես երկրի հետագա ընթացքը:

Թե որքանով է Հայաստանի քաղաքական համակարգը (ոչ միայն իշխանությունը) պատրաստ գնալու ազատ և արդար ընտրությունների ու բարգավաճ երկիր ստեղծելու ուղղությամբ, պարզ կլինի շատ շուտով:

Դրանից է կախված Հայաստանի սովորական քաղաքացու ընտրությունը՝ սեփական կամքով գնալ Սիբի՞ր (ուր ժամանակին աքսորվում էին), թե՞ շենացնել սեփական երկիրը:

Մեկնաբանել