Քրդական Սիրիայի հարցը

Քրդերը, որոնք Սիրիայի հյուսիսն անվանում են Արևմտյան Քրդստան, արաբական այս պետության ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: 2011թ. հոկտեմբերին Սիրիայում գործող 11 քրդական կազմակերպություններ հայտարարեցին «Սիրիայի քրդական ազգային մեջլիս»-ի ստեղծման մասին։ Արդեն 2012թ. հունվարին Սիրիայի քրդական կազմակերպությունների՝ Հյուսիսային Իրաքում կազմակերպած համաժողովը հայտարարեց, որ քրդերը նպատակ ունեն Սիրիայում հասնել ինքնավարության։

Հատկանշական է, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին։ Միայն «Քրդստանի միություն» կուսակցությունը, որը համարվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը, չմասնակցեց համաժողովին։ Արդեն մարտի 8-ին Սիրիայի քրդական որոշ ուժեր հռչակեցին այսպես կոչված Արևմտյան Քրդստանի ինքնավարության մասին։

Բնականաբար, թուրքական դիվանագիտությունը Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը մշակելիս հաշվի է առնում քրդական գործոնը։

Թուրքիային բավականին մտահոգող այս խնդիրը բարձրաձայնեց թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բահչելին, որը հայտարարեց, թե իրենց անհանգստացնում են քրդերին ինքնավարություն տալու Սիրիայի ընդդիմադիրների խոստումները։ Թուրքիայի մեջլիսի քուրդ պատգամավոր Լեյլա Զանայի կարծիքով՝ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հարցում ունի մի նպատակ՝ կանխել քրդական ինքնավարության ստեղծումը։

Իրոք, ստեղծված պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություն է դառնում թույլ չտալ Սիրիայի քրդերի ինքնավարությունը, որը տարածաշրջանային անսպասելի զարգացումների պայմաններում կարող է նաև անկախություն հռչակել։ Սրան ավելանում է Իրաքի քրդական ինքնավարության հնարավոր անկախացումը։ Հայտնի է, որ Բարզանին չի բացառել, որ մարտին՝ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ, Ինքնավարությունն անկախ կհռչակվի։ Իսկ քրդական երկու հատվածների միավորումը Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը։

Թուրքիայի մեջլիսի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցությունը, իր հերթին, հայտարարել է, որ Նովրուզի ժամանակ Դիարբեքիրում նախատեսվում է կազմակերպել մեկմիլիոնանոց ցույց՝ «Ազատություն Օջալանին, կարգավիճակ Քրդստանին» կոչերով։

Ակնհայտ է, որ Սիրիայում ռազմական միջամտության դեպքում թուրքական զորքերը կարող են մտնել Հյուսիսային Սիրիա՝ կանխելու ինքնավարության ստեղծումը։ Դրա համար Թուրքիան արդեն հող է նախապատրաստում։

Թուրքական ORSAM Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի համաձայն՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը նպատակ ունի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծել։ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որը հույսեր էր կապում Բաշար ալ Ասադի վարչակարգի հետ, Սիրիայի նոր Սահմանադրության ընդունումից դժգոհ՝ ևս սկսել է ինքնավարության ուղղությամբ աշխատանքներ տանել։ Այս նպատակով կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմը հանդիպել է Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանել