Պուտինի մեսիջը

Ռուսաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-ին ՌԴ կառավարության նիստից հետո ընդունել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը Մոսկվայում էր ռուսական «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով (Քոչարյանն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է):

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵվրԱզԷՍ) Միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը վարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հայաստանի երկրորդ և ներկա նախագահները փաստորեն միաժամանակ Մոսկվայում են, և ՌԴ նորընտիր նախագահն ընդունում է ՀՀ երկրորդ նախագահին: Արդյոք Պուտինը կընդունի Սերժ Սարգսյանին, թե ոչ՝ հայտնի չէ: ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունում «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ երեկվա դրությամբ նման հանդիպում նախատեսված չէր, իսկ մյուս օրվա (մարտի 20-ի) «օրակարգը հայտնի չէ»:

Չի բացառվում, իհարկե, որ այդ հանդիպումը կայանա մինչև ՀՀ նախագահի Երևան մեկնելը, բնականաբար՝ հայկական կողմի խնդրանքով: Հայաստանի նախագահը, իհարկե, հանդիպել է իր ռուս պաշտոնակցին՝ Մեդվեդևին, և ըստ արարողակարգային պրակտիկայի՝ նորմալ կարող է թվալ, եթե չհանդիպի այդ երկրի վարչապետի հետ, բայց ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների պարագայում դա նորմալ դիտվել չի կարող:

Անկախ նրանից՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը կկայանա, թե ոչ, կարելի է պնդել, որ Քոչարյանին ընդունելով՝ Պուտինը որոշակի մեսիջ է հղում և՛ Սարգսյանին, և՛ նախընտրական Հայաստանին: Փաստը, որ երեկվա դրությամբ Պուտինի գրաֆիկում Սարգսյանի հետ հանդիպում նախատեսված չէր, շատ խոսուն է: Խոսուն է նաև այն, որ «ԱՖԿ Սիստեմա»-ի նիստը համընկավ ԵվրԱզԷՍ-ի նիստին:

Հայտնի է, որ Պուտինի և Սարգսյանի անձնական հարաբերությունները սրվել են դեռ 2008թ. ռուս-վրացական ճգնաժամից հետո, երբ Սարգսյանը Պուտինին հրապարակային վիրավորանք հասցրած Սաակաշվիլիին Երևանում մեդալ հանձնեց: Դրանով է, թերևս, բացատրվում այն, որ որպես վարչապետ Պուտինն իր պաշտոնավարման չորս տարում երբևէ Հայաստան չի եկել, իսկ Մոսկվայում Սարգսյանի հետ հանդիպումները սակավաթիվ են եղել՝ չնայած վերջինիս բազմաթիվ այցելություններին ՌԴ մայրաքաղաք:

Քոչարյանի ընդունելությունը Պուտինի կողմից մեսիջ է առ այն, թե Ռուսաստանի նորընտիր նախագահը ում հետ չի ցանկանա աշխատել իր երրորդ նախագահության ընթացքում:

Մեկնաբանել