Ցածր գնաճն առևտրին չի օգնել

Եթե անցած տարի ԱՎԾ-ն հաշվարկում էր հաշվետու ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և նախորդ ամսվա համեմատ, ապա այս տարվա համար արդեն հաշվարկել է նաև հունվար-փետրվարի ցուցանիշը։ ԱՎԾ-ի այս քայլը շփոթություն է առաջացրել:

«Օրակարգ»-ին ԱՎԾ-ում այդպես էլ չհաջողվեց պարզել, թե տնտեսական վիճակը բնութագրող որ ժամանակահատվածի ցուցանիշներն է ավելի կոռեկտ որպես հիմք ընդունել: ԱՎԾ-ում ասացին, որ բոլոր ցուցանիշներն էլ «լավն» են։ «Օրակարգ»-ը տնտեսական վիճակը ներկայացնելու համար հիմք է ընդունում կուտակային հունվար-փետրվար ժամանակահատվածի ցուցանիշը, քանի որ այն ավելի ընդգրկուն է։

ԱՎԾ-ի հրապարակման ցուցանիշներից ուշագրավ են առևտրի շրջանառության և միջին աշխատավարձի ցուցանիշները և գնաճը։ Հունվար-փետրվարին ամսական միջին աշխատավարձը ավելացել է 6,4%-ով՝ կազմելով Դ113,4 հազ. (մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է Դ138,5 հազ., աճը՝ 6,1%, պետական հատվածում՝ Դ92,5 հազ., աճը՝ 6,4%), գնաճը կազմել է 3,9%։ Նման պայմաններում ներքին առևտրի ծավալներն ավելացել են ընդամենը 0,6%-ով, ինչը տարօրինակ է։

Խնդիրն այն է, որ աշխատավարձերի աճի տեմպը գերազանցել է գնաճը, ինչը ենթադրում է առևտրի ծավալների գրեթե նույնքան աճ, բայց այդ «ավելցուկ» գումարները գնացել են ծառայությունների ոլորտ։ Մյուս կողմից՝ առևտրի ծավալների «ոչ տպավորիչ» աճը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն գործոնով, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 35%-ից ավելի։ Առևտրի շրջանառության ցուցանիշը փաստացի ցույց է տալիս, որ 3-ից 1-ի գնողունակությունն այս ժամանակահատվածում այդքան էլ չի ավելացել։

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 6,3%-ով, իսկ հունվար-փետրվարին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ակտիվություն, աճել է 5,6%-ով:

ԱՎԾ-ի հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվություն արձանագրվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության և շինարարության։ Գյուղոլորտում աճը եղել է զրոյական, իսկ շինարարությունում արձանագրվել է 0,1% անկում։ Ըստ էության՝ այս երկու ոլորտները չեզոք դերակատարություն են ունեցել տնտեսությունում։

Արձանագրված աճի հիմնական շարժիչը եղել են արդյունաբերության և ծառայությունների ոլորտները, որտեղ արձանագրվել է համապատասխանաբար 18,5% և 9,8% աճ։ Արդյունաբերության աճի հիմնական խթանիչը եղել է հանքարդյունաբերությունը, որը նաև նպաստել է արտահանման աճին։ Ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճով։

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 11,6%-ով՝ կազմելով $788,1 մլն. արտահանումն ավելացել է 12,3%-ով՝ կազմելով $185,1 մլն, իսկ ներկրումը՝ 11,4%-ով՝ կազմելով $593 մլն։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է $408 մլն, այն դեպքում, երբ 2011թ. երկու ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը կազմել էր $375,5 մլն։ Ստացվում է, որ թեև այս տարի արտահանումը շարունակել է ավելանալ, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է $32,5 մլն-ով՝ ստեղծելով ճնշումներ արտարժութային շուկայում։

Մեկնաբանել