Ինքնավար նովրուզ

Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ Դիարբեքիրում, որը, ըստ թուրքական թերթերի, վերածվել էր իրական ռազմի դաշտի։ Թուրքական անվտանգության ուժերը դիմեցին ուժային մեթոդների, իրենց հերթին քրդերը սկսեցին դիմադրություն ցույց տալ։

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահեդին Դեմիրթաշը, մատնանշելով Դիարբեքիրում հավաքված ժողովրդին, հայտարարեց. «Առանց կարգավիճակի Քրդստանում է՛լ ապրել չենք ցանկանում»։ Ավելի կտրուկ էր Վանից ընտրված պատգամավոր Այսել Թուղլուքը. «Սա Էրդողանին իմ կոչն է, եթե չգիտեք, իմացեք։ Սա Քրդստանն է, իսկ Ամիդը (Դիարբեքիր-Գ.Ե.) Քրդստանի մայրաքաղաքն է»։ Քրդերն ամենուր կրկնում էին, թե այս Նովրուզն իրենց ազատություն է բերելու, և 2012-ը լինելու է քրդերի ազատության տարին՝ ազատություն պահանջելով նաև Աբդուլլահ Օջալանի համար։

Ի՞նչ են ուզում քրդերը՝ այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնք դուրս էին եկել Ստամբուլի և Դիարբեքիրի փողոցներ։ Այս ամենը պարզելու համար Թուրքիայում գործող Սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնը (SAMER) մարտի 6-ին և 7-ին Դիարբեքիր քաղաքում «Եթե հանրաքվե լինի, ինչ կցանկանան քրդերը» վերնագրով սոցհարցում է իրականացրել։ Ստացված տվյալների համաձայն՝ քրդերի 19,2%-ը անկախություն է ցանկանում, իսկ մոտ կեսը՝ 49,2%՝ «դեմոկրատական ինքնավարություն»։

«Դեմոկրատական ինքնավարության» թեզը քրդական քաղաքական հորիզոնում հայտնվեց 2000թ. կեսերին, երբ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) իր առաջնորդ Օջալանի ձերբակալությունից հետո հրաժարվեց անկախ քրդական պետություն ստեղծելու գաղափարից։ «Դեմոկրատական հանրապետության» տեսությունը, ըստ որի՝ ժողովրդավարական Թուրքիայում հնարավոր է ապահովել թուրք և քուրդ ժողովուրդների խաղաղ համագոյակցություն, երկար չապրեց, և անցում կատարվեց «Դեմոկրատական ինքնավարության»։

2011թ. հուլիսի 14-ին նույն Դիարբեքիրում քրդերը հռչակեցին «Դեմոկրատական ինքնավարություն», ինչն անմիջապես հանդիպեց Թուրքիայի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կոշտ քննադատությանը՝ այն հակասահմանադրական է և միտված է Թուրքիայի մասնատմանը։

«Դեմոկրատական ինքնավարության» թեզում ամեն ինչ չէ, որ հստակ է. պարզ չէ, թե ինչ տարածքում է գործելու ինքնավարությունը, թեև ենթադրում է անկախ շրջանային մեջլիսների գոյություն ու հրաժարվում հարկեր վճարել թուրքական պետությանը։ Այն ավելի շատ հիշեցնում է մշակութային ինքնավարություն, և ամենևին պատահական չէ, որ ցույցի ժամանակ Դեմիրթաշը հայտարարում էր, թե քրդերը ցանկանում են «մայրենի լեզվով կրթություն ստանալու, սեփական մշակույթով ապրելու իրավունք ունենալ»։

Ստամբուլում և Դիարբեքիրում կազմակերպված այս ցույցերով ԽԺԿ-ն տպավորություն է ստեղծում, թե ամեն պահի Թուրքիայում արաբական երկրների օրինակով կարող է անժամկետ բողոքի ալիք բարձրացնել։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստից հետո կուսակցության խոսնակ Հուսեյին Չելիքը, անդրադառնալով վերջին այս ցույցերին, հայտարարեց, թե Նովրուզն Աբդուլլահ Օջալանի համար չէ, որ գոյություն ունի։

Մեկնաբանել