«Սիրիայի բարեկամներ»-ը հայտարարի չեկան

Կարծիք կար, որ Ստամբուլի համաժողովի ժամանակ կհստակեցվի Սիրիայի ընդդիմադիրներին զինելու, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու հարցը, ինչն ամիսներ շարունակ քննարկվում է թուրքական մամուլում։ Ակնհայտ է, որ Թուրքիան ստանձնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ իրականացվող քաղաքականության առաջամարտիկի դերը, և համաժողովին ամենախիստ գնահատականներով հանդես եկան հենց Թուրքիայի ներկայացուցիչները։

Թե՛ վարչապետ Ռեջեփ Էրդողանի և թե՛ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կողմ է սիրիական իրադարձություններին միջամտելու քաղաքականությանը։ Էրդողանը, օրինակ, իր ելույթում նշել է, որ արտաքին միջամտությունն անխուսափելի է լինելու Սիրիայում, իսկ Դավութօղլուն հայտարարել է, որ միջազգային հանրությունը Սիրիայի դեպքերին ուշացումով արձագանքելու իրավունք չունի, և որ անհապաղ պետք է գործի անցնել։

Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է հանդես եկել ռազմական միջամտությանը՝ այն հիմնովին չբացառելով: Նա նշել է, որ հնարավոր չէ այլևս այսքան երկար սպասել։

Չնայած համաժողովին հնչած կոշտ հայտարարություններին՝ «Սիրիայի բարեկամներ»-ի ստամբուլյան հավաքը չի կարողացել որոշում կայացնել Սիրիայի ընդդիմադիրներին՝ «Ազատ Սիրիայի բանակ»-ին զինելու համար։ Ամփոփիչ հայտարարության մեջ համաժողովը իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի՝ կրակի դադարեցման ծրագրին, սակայն նշվում է, որ պիտի սահմանվեն հստակ ժամկետներ, որ եթե կրակը չդադարեցվի, հարցը պետք է ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։ Թուրքական մամուլն այս որոշումը որակել է որպես մեկ քայլ առաջ սիրիական հարցի լուծման ճանապարհին։

Որքանով է թուրքական հասարակությունը պաշտպանում Սիրիայի դեմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը՝ դժվար է ասել։ Այն ժամանակ, երբ ընթանում էր համաժողովը, դրսում բազում թուրք ցուցարարներ բողոքում էին Սիրիայի դեմ իրականացվող քաղաքականությունից: Ստամբուլի իշխանություններին միայն արցունքաբեր գազ կիրառելուց հետո հաջողվեց ցույցը ցրել։

Բացի այդ, ըստ որոշ թուրք փորձագետների, Թուրքիայի տնտեսությունը բավականին տուժել է թուրք-սիրիական հարաբերությունների վատացումից, ինչը ևս հասարակության շրջանում բողոքի պատճառ է դարձել։ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցություն»-ը հայտարարել է, որ Սիրիայի հարցում կառավարության դիրքորոշումը և Ստամբուլում կազմակերպված այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ»-ի խմբի հավաքը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը։ «Աշխատավորական կուսակցություն»-ը հայտարարել է, որ Ստամբուլի կոնֆերանսը Մեծ Մերձավոր Արևելք ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին արված քայլ էր։