Վրաստանը չի համագործակցի Ռուսաստանի հետ «Բաց երկնքի» շրջանակում

Վրաստանը դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը «Բաց երկինք» համաձայնագրի շրջանակում։ Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ երկրի իշխանություններն այս որոշման մասին տեղեկացրել են համաձայնագրի բոլոր մասնակիցներին։ Գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում հաղորդվում է, որ Ռուսաստանը չի կատարում համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև սկսած 2010-ից՝ փորձեր է ձեռնարկում՝ օգտագործելու համաձայնագիրը Աբխազիայի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի այսպես կոչված անկախությունն օրինականացնելու համար։

Վրաստանի արտգործնախարարությունը պարզաբանել է, որ ընդունված որոշումը նշանակում է՝ Թբիլիսին թույլ չի տա Ռուսաստանի մասնակցությամբ որևէ դիտորդական թռիչք իրականացնել իր տարածքում։ Վրաստանը նույնպես նման թռիչքներ չի իրականացնի Ռուսաստանի տարածքում։

«Բաց երկինք» համաձայնագիրն ընդունվել է 1992թ.։ Ներկայում համաձայնագրի մասնակից է 34 պետություն։ Համաձայնագրի հիմնական նպատակն է նպաստել պետությունների միջև վստահության ամրապնդմանը ռազմական գործունեության և սպառազինությունների վերահսկողության ոլորտում գործող պայամանագրերի կատարման վերահսկման մեխանիզմների կատարելագործման միջոցով։

Մեկնաբանել