Նիկոլ Փաշինյանը՝ եռակողմ հայտարարության ստորագրության չեղարկման, Շուշիի անկման, արտահերթ ընտրությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ խոսելով պատերազմում պարտության ու Պուտինի և Ալիևի հետ ստորագրած հայտարարության մասին։ Սիվիլնեթը ներկայացնում է հարցազրույցի կարևոր դրվագները։

Պարտության հայտարարության հանգամանքները

«Որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում։ Անկյունաքարային գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը, այն փաստն է, որ Ստեփանակերտը մնացել էր անպաշտպան Շուշիի անկումից հետո, ու եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, չկանգնեցնենք, Ստեփանակերտը կընկնի, ինքնաբերաբար կընկնեն Ասկերանը, Մարտակերտը ու 20-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ։ Այդ զինվորները չէին կարող ազդել ընթացքի վրա, քանի որ շրջափակումը լինելու էր թիկունքից, եթե շրջանաձև պաշտպանություն կազմակերպվեր, ամբողջ առաջնագիծը կքանդվեր։ Ինչո՞ւ չի քննարկվել, որովհետև օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել։ Այս փաստաթուղթը նաև պահպանելու մասին է, դա ստեղծվել է, որ կանխատեսելի կորուստներից խուսափենք։ Մեր ԶՈՒ ԳՇ-ն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ ժամ առաջ կանգնեցվի։ Մեր քաղաքական խնդիրը մենք ձևակերպել էինք՝ բեկում մտցնել, սրա համար արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Այս որոշումը կայացրել ենք այն ժամանակ, երբ հասկացանք՝ անիմաստ է նման խնդիր ձևակերպել»։

Ինչպե՞ս ընկավ Շուշին

Շուշին ընկել է, ու երկու անգամ հետ ազատագրվելու փորձեր են եղել։ Առաջին փորձը ընդհանրապես չի ստացվել, երկորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել ու դիրքավորվել Շուշիում, բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, ու Շուշին շարունակել է մնալ ընկած։ Շատ միֆեր կան․ օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ հիսուն-հոգանոց խումբ կա Շուշիում։ Ով ինֆորմացիան տալիս էր, կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում, փոխանցեցի զինվորականներին, քանի որ տեղեկությունն այլ ալիքով էր եկել։ Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձը Ստեփանակերտում է»։

Հանրության միավորման ու արտահերթ ընտրությունների մասին

Իսկապես ծանր ժամանակներ ենք ապրում, ու սա մեր բեռն է՝ անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել ու պետք է բեռը ազգովի տանենք։ Մյուս կողմից, պիտի մտածենք մեր ապագայի մասին, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականի մասին։ Մենք այսօր հստակ ուղերձներ պիտի հղենք, որ Ղարաբաղի հայությունը պիտի վերադառնա իրենց տները ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը սրանով չի ավարտվել։ Ցավոք, Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում չի ստացել։ Մենք շարունակո՞ւմ ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի ու ժողովրդի իրավունքի համար, ինձ համար պատասխանը հստակ է՝ այո։ Ղարաբաղի մեր հայրենակիցերը պիտի սկսեն ապրել իրենց տներում։ Հենց այսօր կառավարությունում նիստ ունեցանք այդ հարցերը քննարկելու համար. ավերածությունները պիտի վերականգնվեն, ներդրումներ պետք է արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր խաղաղ կյանքի համար։ Հիմա կան խաղաղապահներ, ովքեր հայության մի հատվածի անվտանգությունն ապահովում են, մյուս հատվածի վերադառնալու իրավունքն արձանագրված է։ Հայաստանի ու Ղարաբաղի մեջ կապի պրոբլեմ չի լինելու, մարդիկ կարողանալու են սովորականի նման գնալ ու գալ։ Ամենակաևորը ներքին կայունությունն է, որից հետո ամբողջական կայուն վիճակում պետք է երաշխավորվի ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը, նկատի ունեմ, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որ ՀՀ քաղաքացիները վստահ լինեն՝ իրենց է պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը։ Առաջին խնդիրը կայունությունն է, դրանից հետո կարող ենք խոսել մնացածի մասին։

Հայտարարության ստորագրությունը չեղարկելու մասին

Քանի որ հրապարակային է ամեն ինչը, ես օրինակ չեմ լսել չեղարկելու ձև։ Մենք կարող ենք վերցնել, թուղթը պատռել ու մի կողմ քցել, բայց պիտի հետևանքների որոշակի պատկերացում ունենալ։

Սխալների մասին

Խնդիրները եղել են ինստիտուցիոնալ բնույթի ու զինուժի պլանի կիրառման առումով։ Մոբիլիազացիոն ռեսուրսի համակարգը արդյունավետ չի գործում, ու լրջագույն վերանայումների կարիք ունենք։ Պիտի մտածենք մեր բանակի և մատակարարումների փոփոխոթւյունների մասին։ Օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրեց, ու դա այն կարևոր նրբություններից մեկն էր, որ իրականոթյան մեջ ցույց տվեց՝ այդ բարեփոխումն իրեն արդարացրել է։ Եղան զորահավաքի թերություններ, որոնք ցույց տվեցին, որ զորահավաքային պլանները չեն համապատասխանում մեր իրողություններին։ Մոբիլ խմբերը պիտի որպես հարվածային ուժ ավելի շատ տեղ զբաղեցնեին մեր բանակում․ այդ բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին։ Պատերազմի երկու գործոններից մեկը այդ մոբիլ հատուկ խմբերն էին, մյուսը՝ ԱԹՍ-ները։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել