«Չենք լռելու»-ն կոչ է անում կաթողիկոսին տեսնելու Հայաստանի վանքերի վիճակը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը անդրադարձել է վերջերս Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանայի հայտնած այն կարծիքին, թե Երևանի կենտրոնում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման շուրջ ծագած աղմուկը և հասարակության բացասական կարծիքները ժամանակի ընթացքում կվերանան։ Նա ասել է, որ ժամանակը ցույց կտա, որ բոլոր «տաճարները մեր ժողովրդին են ծառայում, ևս մի նոր գմբեթ է վեր խոյանում, և մի նոր սրբավայր է գալու է ծառայելու մեր ժողովրդին»:

Ըստ «Չենք լռելու»-ի` դժվար է ասել, թե որքանով է այդ նստավայրը տաճար: «Բայց որ Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ կերպ չի պատրաստվում վերանայել իր մոտեցումները և բառի բուն իմաստով «թքած ունի» սարերում գտնվող, անտերությունից կործանվող վանքերի ու եկեղեցիների վրա, հստակ է: Նրա համար շատ ավելի կարևոր է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող այդ անճոռնի շինությունը, որը նա «տաճար» է անվանում: Եթե Գարեգին Երկրորդը ուղղակի տեղյակ չէ սարերում գտնվող վանքերի վիճակի մասին և նպատակահարմար չի գտնում փորձել համոզելու բարերարներին միջոցներ տրամադրել այդ ուղղությամբ, ապա «Չենք լռելու»-ն պատրաստ է տանել նրան մարզեր և ցույց տալ, թե ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը, այդ թվում` իր արհամարհանքի պատճառով»,-նշվում է երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել