Հայաստան համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել է մոտ 104 մլն դոլար

Հայաստան համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով․ այդ մասին հաղորդում է ֆինանսների նախարարությունը՝ մեկնաբանելով Համահայակակն հիմնադրամից կառավարությանը նվիրատվություն կատարելու որոշումը։ Ըստ ԿԲ նոյեմբերի 24-ի փոխարժեքի՝ 52 միլիարդ 703 միլիոն դրամը կազմում է ավելի քան 104 միլիոն դոլար, իսկ Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։ 

«Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք նոյեմբերի 19-ի դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ»,- պարզաբանել են ֆինանսների նախարարությունից՝ խոստանալով բյուջեի կատարման հաշվետվություններիոմ առավել մանրամասն անդրադառնալ ծախսերին։ 

Նախարարությունը անհիմն է համարել խոսակցությունները հիմնադրամից կառավարություն միջոցներ փոխանցելու անօրինականության վերաբերյալ ու հայտնել, որ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել այդ որոշմանը։