Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի երեկոյան ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև էր ընդունել՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգտին չէ և չի օգնի խաղաղ գործընթացի առաջմղմանը:

«Քվեարկությանը նախորդած բանավեճերի ժամանակ (Սենատում) զբոսաշրջության հարցերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հիշեցրել է այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը. «Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – ասված է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի պատասխանատվությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նրանում է, որ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միջոցով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով:

«Այդ բանակցությունների ելքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի կարգով»,- նշել է ֆրանսիական գերատեսչության ներկայացուցիչը:

«Մեր առաջնահերթությունն այսօր պետք է լինի վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։ Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նաև նշել է, որ ոչ մի պետություն դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ֆրանսիան, հավատարիմ մնալով խաղաղության հասնելու իր պարտավորություններին, նախկինի պես լի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վճռականությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության պահանջներն ու արժանապատվությունը», – նշել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի անել իրենից կախված ամեն ինչ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար։ Այն ներգրավված կմնա Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ՝ առաջ շարժվելու բոլոր այն կետերով, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին պայմանագրից հետո, մասնավորապես, հակամարտության ընթացքում ներգրավված օտարերկրյա վարձկանների հեռանալու կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցում։

Նա նաև հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի համակարգված գործողությունների մասին:

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում առաջարկել է ԵԱՀԿ-ին դիմել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հետ կանչելու համար։

Մեկնաբանել