Շիրակի մարզի Ազատան գյուղից 6 անձ կա Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների ցանկում

Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կամ գերեվարված 73 զինվորականները հիմնականում Շիրակի մարզից են, իսկ նրանցից 6-ը Ազատան գյուղից։ Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ նրանց հետ կապ չկա, ծնողները համացանցում տեսել են զինվորականներին. «Երեկ էլ Արցախից ինֆորմացիա ստացանք, որ Ադրբեջանն անուններ է տվել Կարմիր խաչին, որոնց մեջ մեր վեց տղերքը կան»,- ասաց պարոն Իկիլիկյանը՝ հավելելով, որ գերեվարված ծնողներից նրանք, ովքեր Հայաստանում են, ոչ թե ՌԴ-ում, մեկնել են Արցախ և ակտիվ աշխատում են Արցախի ղեկավարության և ռուս խաղաղապահների հետ։

Նա նաև հավելեց, որ ինքը երեկ ամբողջ օրը եղել է Հայաստանի Ազգային ժողովում, համագործակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և պաշտպանության նախարարության հետ։

Խնդիրը հանրային դարձավ դեկտեմբերի15-ի երեկոյան, երբ համացանցում հայտնվեցին ադրբեջանական տեսանյութերն ու հանրային լայն արձագանք ստացան։ Դրանից հետո ՀՀ ՊՆ-ն դիմեց Արցախի ՊԲ-ին՝ պարզաբանում պահանջելով։ Դեկտեմբերի 16-ին առավոտյան միայն ՊԲ-ն որոշ տեղեկություն հաղորդեց։ Մինչ այդ տեսանյութերի հանրայնացումը, ՊԲ-ն պահպանում էր լռություն։  

Միջադեպի  առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ բացարձակ անընդունելի համարելով այն և կոչ անելով իրավապահներին արագորեն ու խստորեն քննել միջադեպը՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:

«ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- հայտարարել էր Բեգլարյանը։

Գևորգ Թոսունյան