Ասիան էլ չի հավատում

Ասիական զարգացման բանկն ընթացիկ տարվա համար Հայաստանում կանխատեսել է 3,8% տնտեսական աճ (նախորդ կանխատեսումը՝ 4,5%)։ Բանկը գտնում է, որ կոռուպցիան և պետական կառավարման անարդյունավետությունը շարունակում են մնալ բարեփոխումների հիմնական խոչընդոտը։ Կառավարությունն այս տարվա բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,2% ցուցանիշ։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) «Հեռանկար-2012» (Outlook 2012) զեկույցում կանխատեսել է, որ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում 2012-2013 թթ. կգրանցվի տնտեսական աճի որոշակի դանդաղում, ինչը պայմանավորված է եվրոգոտու թույլ տնտեսությամբ և Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումով։ Այսպես, եթե 2011թ. համար տարածաշրջանում կանխատեսվել էր 6,2% տնտեսական աճ, ապա այս տարվա համար կանխատեսումը 6,1%-ի մակարդակում է, 2013թ. համար՝ 6,2%-ի։

ԱԶԲ փորձագետների կարծիքով՝ ընթացիկ տարում Հայաստանում կարձանագրվի 3,8% տնտեսական աճ, 2013թ.՝ 4,2%։ Ի դեպ, այս տարվա համար 3,8% աճ ցուցանիշը նույնական է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման հետ։ Գնաճը, ըստ ԱԶԲ-ի, 2012թ. կլինի 4,1% մակարդակում, 2013թ.՝ 4,5%։

Նշենք, որ Կառավարությունն այս տարվա բյուջեի հիմքում դրել է 4,2% տնտեսական աճ ցուցանիշը, գնաճի թիրախ է ընդունվել 4±1,5%-ը։ Նշենք նաև, որ անցած տարվա զեկույցում ԱԶԲ-ն Հայաստանում 2012թ. համար 4,5% տնտեսական աճ էր կանխատեսել։

ԱԶԲ զեկույցի հեղինակները կարծում են, որ Եվրոպայի տնտեսական թույլ հեռանկարները (Հայաստանի արտահանման 60%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին) և դրա ոչ ուղղակի ազդեցությունները Ռուսաստանի վրա (որին բաժին է ընկնում Հայաստանի մասնավոր փոխանցումների 80%-ը) Հայաստանի տնտեսական աճի համար էական ռիսկեր են պարունակում։ Բանկում կարծում են, որ համաշխարհային շուկայում հումքային ապրանքների պահանջարկի կրճատման հետևանքով հիմնական հումքային ապրանքների գների նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի արտահանումից ստացվող միջոցների ծավալի վրա։
Հիմնական խնդիրներ
Ըստ ԱԶԲ-ի՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և տնտեսական աճի ապահովման, ինչպես նաև հանքարդյունաբերության և շինարարության վրա հիմնված տնտեսության դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ է շարունակել հարկային և մաքսային բարեփոխումները։ Դրանց արդյունքները տեսանելի կլինեն միայն որոշ ժամանակ անց։ Համաձայն բանկի փորձագետների, չնայած հակամենաշնորհային օրենսդրության խստացման, տնտեսական մրցակցության պայմանները շարունակում են Հայաստանում անհավասար մնալ։ «Գերիշխող դիրք ունեցող ներկրողները և արտադրողները բարձրացնում են գները և նպաստում գնաճին»,– նշված է ԱԶԲ զեկույցում։

Համաձայն զեկույցի՝ կոռուպցիան և պետական կառավարման անարդյունավետությունը շարունակում են մնալ բարեփոխումների հիմնական խոչընդոտը։ Գործարար միջավայրի բարելավումը, հատկապես հարկերի վճարման, պայմանագրերի կատարման, անդրսահմանային առևտրի մասով պետք է լինի կառավարության առաջնահերթությունը։ Կառավարման արդյունավետության բարձրացումը նույնպես լուրջ դերակատարում կարող է ունենալ սոցիալական քաղաքականության բարելավման, միջոցների արդյունավետ տեղաբաշխման, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով ավելացած աղքատության մակարդակի կրճատման հարցում։ «Մասնավոր ձեռներեցության, հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացումը մարզերում էական նշանակություն ունի մայրաքաղաքի և շրջանների կենսամակարդակի տարբերության կրճատման հարցում»,– նշում են ԱԶԲ մասնագետները։

Բանկում գտնում են, որ չնայած Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խստացման և տնտեսության դոլարիզացիայի զսպման քայլերին՝ վարկերի և ավանդների (համապատասխանաբար 60% և 70%) գերակշիռ մասն արտարժութային է։ Նման պայմաններում ավելանում է երկրի խոցելիությունն արտարժութային ցնցումների նկատմամբ, ընդ որում՝ նվազում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը։

Ըստ ԱԶԲ-ի՝ Հայաստանի երկարաժամկետ համակողմանի զարգացման համար էական նշանակություն ունի լրացուցիչ միջոցների ուղղորդումը ենթակառուցվածքների, մասնավորապես ճանապարհների, ջրամատակարարման ցանցի կառուցմանը։ Նման նախագծերի իրականացումը, պետություն-մասնավոր համագործակցության սխեմայով, ըստ բանկի, հնարավորություն կտա պետությանը չավելացնել պարտքային բեռը՝ տնտեսության համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Մեկնաբանել