Ռուսաստանը պետք է մեծացնի իր ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում․ Զատուլին

Նաիրա Բաղդասարյան, Մոսկվա

Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակում կառույցի նախագահ Արա Աբրահամյանն այսօր հյուրընկալել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին՝ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ քննարկում անցկացնելու նպատակով: Զատուլինի համոզմամբ՝ Ռուսաստանը պետք է մեծացնի իր ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:  

Կոնստանտին Զատուլինը, արձագանքելով Հայաստանին Ռուսաստանի հնարավոր աջակցության մասին հարցին, պատասխանեց, որ հենց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը թույլ տա, անհրաժեշտ է լրջորեն քննարկել նրան այդ ծանր իրավիճակում աջակցելու տարբերակները։ «Սակայն շտապել պետք չէ, քանի որ այս պահին Հայաստանի կառավարությանն ուղղված ցանկացած աջակցություն վերջինս օգտագործում է սեփական շահերի տեսանկյունից, որպեսզի կողպի ընդդիմության բերանը։ Այն ամենը, որ բարեկամական ձգտումներից ելնելով ասում է Ռուսաստանի նախագահը, անմիջապես օգտագործվում է որպես նրա անձնական աջակցություն Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ, որ դա շատ հեռու է իրականությունից»,- ասաց Զատուլինը:

Զատուլինը կոչ արեց որևէ պարագայում չթևաթափվել, սակայն համաձայնեց, որ իրավիճակը մտահոգիչ է․ «Հավատացե՛ք, ինձ ևս անհանգստացնում են գործընթացները, ցանկությունները, Հայաստանի տարածքով անցնող միջանցք բացելը և այլն: Կարելի է քննարկել և ստորագրել ամեն ինչ, բայց խնդիրն այն է, թե ինչ մթնոլորտում է դա արվում և ինչպես պետք է դա կյանքի կոչել: Իրավիճակում, երբ Բաքուն ցուցադրաբար տոնում է իր հաղթանակը և հիշատակում Էնվեր Փաշային, ես չեմ կարծում, թե պետք է հապճեպ գործի անցնել՝ այդ համաձայնագրի հենց այդ՝ սահմանազատմանը վերաբերող կետերը իրագործելու համար»:    

Ըստ Զատուլինի՝ սահմանազատման գործընթացը չպետք է լինի միակողմանի: Սովորաբար նման իրավիճակներում ստեղծվում են համատեղ հանձնաժողովներ: Օրինակ, այդպիսի փորձ Ռուսաստանը ժամանակին ունեցել է Չինաստանի հետ, որը անցել է բարեհաջող, առանց ավելորդ կասկածներ առաջ բերելու: Զատուլինը հարցադրում արեց, թե ինչու Հայաստանի պարագայում նման պրակտիկա չի կիրառվում և ինքն էլ պատասխանեց, որ դա հետևանքն է Հայաստանի ներկա  իշխանությունների՝ սեփական շահերը պաշտպանելու անունակության:

«Եթե այս հարցում տեղի են ունենում ծավալային խախտումներ, ապա, կարծում եմ, ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը պետք է մտահոգվի, քանի որ վերջինս ներգրավված է Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում: Բայցևայնպես, առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ դժվար է հանդես գալ նրա շահերի դիրքերից: Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ նման գործելաոճի, ուրեմն պետք է գան ուժեր, որոնք ընդունակ կլինեն դա անել: Սահմանների խախտման հարցով հասարակության մտահոգ շերտերի դիմումները միջազգային կառույցներին արժեքավոր չեն։ Պետության պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի, որպեսզի արդյունք լինի»: 

Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ պատերազմի ամբողջ ընթացքում Ռուսաստանը ոչ հրապարակայնորեն Հայաստանին ցուցաբերել է ռազմատեխնիկական օգնություն՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի միջոցով, և այդ մասին լավ տեղեկացված է նաև Ադրբեջանը։ Նրա համոզմամբ՝ այս դժվարին պահին Ռուսաստանը պետք է մեծացնի իր ներկայությունը հակամարտության գոտում: