Ադրբեջանն ու Թուրքիան COVID-19-ի դեմ պատվաստվում են չինական CoronaVac պատվաստանյութով

Հունվարի 18-ին Ադրբեջանում մեկնարկում է COVID-19-ի դեմ պատվաստումը։ Ինչպես հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները, Ադրբեջանը ձեռք է բերել չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի 2 մլն դեղաչափ։

Հաղորդվում է, որ այդ ընկերությունից պատվիրվել է պատվաստանյութի 4 մլն դեղաչափ։ Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատվիրված պատվաստանյութը կառաքվի Թուրքիա՝ «չափորոշիչներին համապատասխանության ստուգման նպատակով, այնուհետև մի քանի խմբաքանակով կներմուծվի Ադրբեջան»։

Նույն՝ չինական CoronaVac-ով պատվաստումներ են սկսվել նաև Թուրքիայում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ առաջին փուլում երկրում պատվաստվել է առողջապահության ոլորտի 250 հազար աշխատակից։ Պատվաստվել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Տարեվերջին Թուրքիան ստացել է Sinovac-ի 3 մլն դեղաչափ։

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 60-րդ տեղը՝ 163 972 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 247 805 դեպքով, Ադրբեջանը 47-րդ տեղում է՝ 227 273 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 387 101 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 330 411 դեպքով:

***

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակին սպասում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին․ հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնել էր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով։ Մասնավորապես, աշխատանքներ են տարվում «Սպուտնիկ V», Pfizer, Moderna և AstraZeneca պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ։

«Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք, պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,- հայտնել էր Գայանե Սահակյանը:

Օրերս հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների համար։

Մեկնաբանել