Փոփոխություններ են կատարվել վարորդական վկայական ստանալու կարգում

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի մասին։

Ըստ փոփոխությունների՝ ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը․ 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Տեսական քննությունների անցկացումն այժմ բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

«A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունվելու է միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի դեպքում գործնական քննությունն ընդունվելու է միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում քննություններն իրականացվելու են և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Նոր կարգի համաձայն՝ վարորդական իրավունքի վկայական կտրամադրվի նաև մոպեդ վարելու համար։

Վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը ուժի մեջ պետք է մտներ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, սակայն ոստիկանությունն առաջարկել էր այն հետաձգել։