ՀՀ-ից մշտապես գերիներ եղել են Ադրբեջանում, ինչո՞ւ ԱԺ դահլիճում հարցը այդ տարիներին չի հնչել․ Փաշինյան

Այսօր՝ հունվարի 20-ին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բարձրացրեց Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը։

«Հունվարի 11-ին գնում էիք Մոսկվա՝ հայտարարելով, որ մեր առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց որևէ ձեռքբերում այս ուղղությամբ չունեցանք։ Սա ապացուցում է, որ Հայաստան-Ադրբեջան կարևոր բանակցություններում ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը։ Ըստ այդմ, ինչո՞ւ եք դուք շարունակում պաշտոնավարել, ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ, բանակցել»,- հարցրեց Գորգիսյանը։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վերջին տարիներին բավականին երկար ժամանակ ՀՀ-ից գերիներ եղել են Ադրբեջանում․ «Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ամբողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում։ Նա հարց բաձրացրեց, թե ինչո՞ւ ԱԺ դահլիճում հարցը այդ երկար տարիների ընթացքում չի հնչել, և հրաժարականի պահանջ չի դրվել։

«Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Եթե դուք ինձ ասում եք, որ մենք որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ՝ դուք որպես ընդդմություն առավելևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը։ Դուք ձեր շեշտադրումներով և այդ էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադարձի ժամանակ Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում կետ կա, որով պետք է վերադարձվեն գերիները․ «Դուք ստորագրել եք փաստաթուղթ, և հիմա արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունը չեք կարողանում կյանքի կոչել»։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել