«Իմ քայլը» առաջարկում է արգելել անանուն աղբյուրներին հղում անելը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն աղբյուրներին հղում անելը։

«Հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը եւ դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր, մասնավորապես անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվական աղբյուրների տեսքով: Անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի՝ «անանուն աղբյուրի» սահմանումը հետևյալն է․ «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը, ինչպես նաեւ հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն:

Պատգամավորները վստահ են, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, «ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը: