Կառավարությունը երաժշտական դպրոցի տարածքը տրամադրեց Դիջիքաղաք կառուցելու համար

Հայաստանի կառավարությունը Երևանի Իսակովի 13/12 հասցեում գտնվող հողամասն իր կաթսայատնով ուղղակի վաճառքի տեսքով օտարեց «Արմենիա վայն» գինու գործարանին՝ տեխնոլոգիական համալիր կառուցելու համար։

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում։ Այդ տարածքում գործում է Երևանի 13-րդ հատուկ երաժշտական դպրոցը։ Ընդհանուր առմամբ «Արմենիա վայն»-ին կօտարվի տարածքի 360 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունն ու 9 500 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ «Արմենիա վայն»-ը, ըստ կառավարության որոշման հիմնավորման, այս տարածքում հիմնելու է «Դիջիթաուն» տեխնոլոգիական նորարարական կենտրոնը։ Դրա կառուցման ներդրումները կազմելու են 40 միլիոն դոլար և կստեղծվի 5 000 աշխատատեղ։ 2021-2024թթ. նախատեսվում է ներդնել մեկ միլիարդ դրամ՝ 2021-2022-ին 150 միլիոն դրամ, 2023-ին՝ 450 միլիոն դրամ, 2024-ին՝ 400 միլիոն դրամ։ Երաժշտական դպրոցի ճակատագիրը այս որոշման արդյունքում անորոշ է մնում։

Ո՞ւմ է պատկանում «Արմենիա վայն»-ն ու «Դիջիթաուն»-ը

«Արմենիա վայն»-ը Հայաստանի խոշոր գինեգործարաններից է։ Ընկերությունը հիմնվել է 2006-ին, գինու խոշոր արտադրող է, ունեն 74 հեկտար այգի, իսկ 2019-ին խաղողի մթերման ծավալը հասել է 7 000 տոննայի։ Ընկերության կանոնադրական կապիտալն, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, կազմում է 696 միլիոն դրամ։ «Արմենիա վայն»-ի բաժնետերերն են գործարար Լենդրուշ Վարդանյանը՝ 68 տոկոս բաժնեմասով և Վահագն Մկրտչյանը՝ 30 տոկոս բաժնեմասով։ Վահագն Մկրտչյանը կրթության և գիտության նախկին ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրն է, իսկ Լենդրուշ Վարդանյանն ու իր ընտանիքը ՏՏ և բուքմեյքերական խոշոր «Դիջիթեյն» ընկերության բաժնետերերն են՝ ավելի հայտնի «Տոտո գեյմինգ» անունով։

«Դիջիթաուն» ՍՊԸ-ն, որ պետք է ՏՏ նորարարական ընկերությունների համար համալիրը կառուցի, հիմնվել է 2020-ի մայիսին։ Ընկերությունն ունի երկու բաժնետեր՝ Վարդգես Վարդանյանն ու Վահագն Մկրտչյանը՝ յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնեմասով։

«Դիջիթաուն»-ը աշխատանքային տարածք կտրամադրի ստարտափերին ու այն ընկերություններին, ովքեր կցանկանան մուտք գործել հայաստանյան ՏՏ շուկա։ Առաջին տարվա համար տարածքները կգործեն անվարձահատույց։

«Դիջիթաուն»-ին վաճառվող տարածքի հետ կապված, սակայն, խնդիրներ են ծագել գործարքի իրավաբանական կողմի՝ «Արմենիա վայն»-ի ու կառավարության միջև։ Ինչպես տեղեկանում ենք որոշման հիմնավորումներից, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը գույքը գնահատել է 682,5 միլիոն դրամ, իսկ «Արմենիա վայն»-ը հետագայում «Վի էմ ար փի» ընկերության կողմից գնահատման է ենթարկել անշարժ գույքը։ Գնահատման արժեքը կազմել է 548,6 միլիոն դրամ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է կադաստրի կոմիտե՝ տեղեկություններ խնդրելու, թե արդյոք Իսակովի պողոտայի այս գույքի գնահատման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջների համաձայն։ Ի վերջո կողմերը համաձայնել են գույքի գինը ֆիքսել շուկայական երկու գնահատումների միջին գնով։ Այն կազմել է 614 միլիոն դրամ։

Կառավարության նիստի ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց՝ «Դիջիթեյն»-ն ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից է ու անցյալ տարի 500 նոր աշխատակից է ընդունել աշխատանքի։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել