Հաջորդ սերնդի լայնաշերտ ուտոպիա

Պաշտոնյաները վստահեցնում են, որ օպտիկամանրաթելային ազգային լայնաշերտ ցանցի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այնինչ ոլորտի խաղորդները դրանից տեղյակ չեն և զարգացնում են սեփական ենթակառուցվածքները։ Նման ցանցի միայն մագիստրալային հատվածի կառուցումը $50 մլն կարժենա։

2010թ. Էկոնոմիկայի նախարարությունը որոշեց հետ չմնալ զարգացած երկրներից՝ Գերմանիայից, Ֆինլանդիայից, Սինգապուրից, Էստոնիայից՝ հայտարարելով 100 Մբ/վ թողունակությամբ ազգային լայնաշերտ ցանց կառուցելու մտադրության մասին։
Կառավարությունը նույնիսկ 2010թ. փետրվարին հաստատեց «Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման (2010-2012 թթ.) հայեցակարգը», որով նախատեսված էր երկրի ամբողջ տարածքում, ներառյալ գյուղական վայրերում, անցկացնել 100 Մբ/վ թողունակությամբ «հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց»։

Օպտիկամանրաթելային ցանցը պետք է կառուցվեր մասնավոր և պետական համագործակցության ներդրումային սխեմայով։ Չնայած նման հավակնություններին՝ հեռահաղորդակցության ոլորտի հիմնական խաղորդները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ցանցի կառուցման ուղղությամբ այսօր ինչ աշխատանքներ են կատարվում։

Ինկոգնիտո

Ուշագրավ է, որ ցանցի կառուցման համար 2010թ. վերջին անգամ վարկային միջոցներ ներգրավվեցին։ Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» $24-միլիոնանոց վարկային ծրագրի «էլեկտրոնային հասարակություն և ենթակառուցվածք» բաղադրիչը (արժեքը՝ $13 մլն) նախատեսում էր ընդլայնել քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների լայնաշերտ հասանելիությունը և զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտարարում էին, թե օպտիկամանրաթելային այս ցանցի կառուցման ուղղությամբ գործնական քայլեր են կատարվում։

Դանիելյանն ասում էր, որ Կառավարությունը բանակցում է Cisco ընկերության հետ։ Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են ոչ միայն արագությունների, այլև հեռահաղորդակցության ոլորտում կառավարման նոր մոդելի ներդրման շուրջ։ Բանակցային պայմաններով Cisco-ն ստանձնելու է ցանցի համակարգումը։

Այդուհանդերձ, Դանիելյանի և Ենգիբարյանի պատասխաններից այդպես էլ պարզ չդարձավ, թե ազգային ցանցը կառուցելու է Cisco ընկերությունը, թե միայն սարքավորումներ է մատակարարելու։ Ըստ պաշտոնյաների՝ քննարկվել է նաև արդեն գոյություն ունեցող լայնաշերտ ցանցերի միավորման ճանապարհով ազգային ցանց ստեղծելու գաղափարը։ Նշենք, որ օպտիկամանրաթելային սեփական ցանցեր ունեցող ընկերությունները, սակայն, տեղյակ չեն իրենց ցանցերը միավորելու Կառավարության ցանկությանը։

Ուշագրավ է, որ Կառավարությունն արդեն սկսել է իրեն վերագրել պրովայդերների կողմից վերջին մեկ տարում մարզերում օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման գործընթացը։ Նշվում է, որ եթե առաջ չքաշվեր ազգային օպտիկամանրաթելային ազգային ցանցի շահագործման Կառավարության գաղափարը, ընկերությունները չէին գնա մարզեր։

Ուտոպիա

Նշենք, որ ի սկզբանե էլ 100 Մբ/վ թողունակությամբ ազգային լայնաշերտ ցանցի շահագործման գաղափարը մի շարք հարցերի տեղիք էր տալիս։ Նախ՝ նման ցանցը պահանջում է բավական լուրջ ներդրումներ։ Բացի այդ՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, ձևավորված ավանդույթի համաձայն, զարգացումը տեսնում են սեփական ցանցերի կառուցման մեջ։ Վերջիններիս նման մոտեցումն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ, ինչը պայմանավորված է նաև ամրակցված հեռախոսակապի շուկայում «ԱրմենՏել»-ի՝ տարիներ տևած մենաշնորհային դիրքով։

Նշենք նաև, որ աշխարհում 100 Մբ/վ թողունակությամբ ազգային ցանց շահագործելու մասին քիչ թվով պետություններ են հայտարարել։
Այսպես՝ 2008թ. դեկտեմբերին Ֆինլանդիայի Կառավարությունը հայտարարեց մինչև 2015թ. 100 Մբ/վ թողունակությամբ ցանց կառուցելու մասին։ Մինչև 2014-ը երկրի բնակչության 75%-ի համար մինչև 50 Մբ/վ թողունակությամբ լայնաշերտ ցանց կկառուցեն Գերմանիայի իշխանությունները։ 2009թ. Էստոնիան հայտարարեց մինչև 2015թ. 6,6 հազ. կմ ընդհանուր երկարությամբ 100 Մբ/վ թողունակությամբ ազգային ցանց կառուցելու մասին։ Նախագիծը գնահատվեց €285 մլն։
Նշենք, որ Հայաստանի դեպքում անհրաժեշտ է լինելու կառուցել 2 հազ. կմ մագիստրալային ցանց, ինչը մոտավոր հաշվարկներով կպահանջի $50 մլն-ի ներդրումներ։ Գրեթե նույնքան միջոցներ կպահանջվեն «վերջին մղոնի» հասանելիություն ապահովելու համար։ n

Մեկնաբանել