ՀՀ բուհերի համար կստեղծվի օնլայն ուսումնական հանրագիտարան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 17-ին կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը:

Այնուհետև քննարկվել են պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբ-կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև բուհերում ուսումնական գործընթացները նորագույն ծրագրային միջոցներով զինելու հարցին: Առաջարկվել է լոկալ Վիքի համակարգի միջոցով մշակել ինտերնետային ուսումնական հանրագիտարան, որը հնարավոր կլինի կիրառել բուհերի ուսումնական գործընթացում: Արդեն իսկ մշակվել է դպրոցական փորձնական հանրագիտարան՝ ներկայացված երկաչափություն առարկայի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ քննարկել առաջարկությունը և տալ եզրակացություն: