Այսօր՝ ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստի ժամանակ քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը:
Տեղեկացվել է, որ ներկայում համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ:
Հաշվի առնելով այն, որ համակարգչային հայատառ ստեղնաշարն ունենալու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն ստեղներ, որոնք օգտագործվում են զուգահեռաբար, ուստի արտադրողների հետ հետագա բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
ՏՏԶԱԽ նիստի ժամանակ ներկայացվել է նաև 2012 թ. նախատեսվող ՏՀՏ միջոցառումների ցանկը: Նշվել է, որ դրանց թվում առկա են համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրեր, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: