Կալանավորված անձինք եւս ազատ են իրենց ընտրության մեջ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ապրիլի 17-ին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակված «Դատապարտյալների հիվանդանոցը» դարձել է ՀՀԿ­ի կենտրոնական շտաբը» հոդվածում տեղ գտած մի շարք «(միտումնավո՞ր) անճշտություններ»:

Ըստ հրապարակման` «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ նա առողջական որևէ խնդիր չունի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից, այս տարվա մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից և նույն օրը տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց: Կատարված գործիքային և լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Սիմոնյանի մոտ առկա է «կալկուլյոզ խոլեցիստիտ» (լեղապարկի քարեր` 22 և 14 մմ տրամագծով): Իսկ հիմնարկի ատամնաբուժական բաժանմունքում հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են ատամնաշարի հետ կապված հիվանդություններ (թարախային գոյացություններ):
«Ինչ վերաբերում է օրաթերթի անիմաստ ջանքերին, որոնք միտված են ինչ-­ինչ քաղաքական խառնակչությունների մեջ ներքաշել քրեակատարողական ծառայությանը, պաշտոնապես հայտնում ենք, որ ինչպես ընտրելու իրավունք ունեցող ՀՀ մյուս քաղաքացիները, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձինք ազատ են իրենց ընտրության մեջ և մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին քրեակատարողական ծառայությունը կատարելու է բացառապես միայն օրենքով իրեն վերապահված գործառույթները»,-ասված է վարչության հաղորդագրությունում:

Մեկնաբանել