Թանգարանի տնօրենը այրում է կտավները

Իտալական Կազորիա քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Անտոնիո Մանֆրեդին ի նշան բողոքի իշխանությունների անտարբերության դեմ երեկ մի կտավ է այրել: Աշխատանքի հեղինակը` ֆրանսիացի նկարչուհի Սեվերին Բուրգինյոնը, նախապես տվել էր իր համաձայնությունը և Skype-ով հետևում էր Մանֆրեդիի գործողություններին:

Թանգարանի կտավներն այրելու իր մտադրության մասին Մանֆրեդին տեղեկացրել էր մեկ ամիս առաջ: Բացի ֆինանսական խնդիրներից Մանֆրեդիին անհագստացնում են նաև նեապոլյան մաֆիայի` կամորայի կողմից հնչող սպառնալիքները: Հենց սա էր դրդել թանգարանի տնօրենին 2011թ. փետրվարին Գերմանիայում ապաստան խնդրել:

Զայրացած Մանֆրեդին մտադիր է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչև Իտալիայի մշակույթի նախարարն ու մյուս պաշտոնյաները չձեռնարկեն համապատասխան քայլեր թանգարանը ծանր դրությունից հանելու ուղղությամբ:

Հաջորդ ակցիան տեղի կունենա այսօր` տեղական ժամանակով ժամը 18:00-ին. նեապոլյան նկարչուհի Ռոզարիա Մատարեզեն կայրի սեփական նկարը, եթե իշխանության կողմից որևէ արձագանք չլինի:

Նշենք, որ Կազորիայի ժամանակակից արվեստի թանգարանը բացվել է 2005թ.: Այստեղ հավաքված է աշխարհի տարբեր երկրների արվեստագետների շուրջ հազար աշխատանք` կտավներ, քանդակներ, տեսագրություններ և լուսանկարներ:

Մեկնաբանել