Հատուկ դպրոցներով կզբաղվի նաև սոցապ նախարարությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, կարևորելով համատեղ աշխատանքը և համալիր մոտեցումը, նշել է. «Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով և իրավունքներով»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը», որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետությունում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:

Մեկնաբանել