Նավալնին՝ Time-ի 100 ամենաազդեցիկների ցանկում

Ամսագրի խմբագրությունն ու փորձագետները ընդգծել են Նավալնիի վաստակը կոռուպցիայի դեմ պայքարում և սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց միավորելու գործում։ Նավալնին Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է, որ ներառվել է ցանկում։

«Նավալնին ունի ոչ միայն հաստատակամություն, խիզախություն ու պորֆեսիոնալիզմ։ Նա համապատասխանում է ժամանակակից առաջնորդի համար անհրաժեշտ առավել նուրբ պահանջներին։ Նրա խարիզման ու խայթող հումորը իդեալական են գորշ, ձանձրալի Կրեմլի դեմ պայքարի համար»,- Նավալնիի մասին հոդվածում Time-ի համար գրել է Ռուսաստանի «Միացյալ քաղաքացիական ճակատ»-ի առաջնորդ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը։

Time-ի ցանկն այս տարի գլխավորում է ամերիկացի բասկետբոլիստ Ջերեմի Լինը։ Ցուցակում են նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ի այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին։

Մեկնաբանել