ՀԱԿ-ի ընտրազանգվածը քչացել է. ՀԱԿ ներկայացուցիչ

ՀԱԿ-ի ընտրազանգվածը քչացել է երկու օբյեկտիվ պատճառով. այսօր «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման հյուրասրահում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ նրա` առաջին պատճառն այն է, որ ՀԱԿ-ի համակիրների մի մասն ուղղակի հեռացել է Հայաստանից, մի մասն էլ հեռացել է քաղաքական պրոցեսներից` «այլևս չի հավատում», իսկ երկրորդ պատճառն այն է, որ «մի որոշ մասն էլ անցել է իշխանական ճամբար»:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ՀԱԿ հանրահավաքների սակավամարդությունը միայն թվացյալ է. ուղղակի խորհրդարանական ընտրությունների հետ շատերը չի, որ հույսեր են կապում: «Մինչդեռ հասարակությունը հասկանում է, որ եթե կարողանա փոխել նախագահին, կկարողանա փոխել համակարգը, խորհրդարանական ընտրությունները նրանք լուրջ չեն ընդունում»,- ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ Բաքվում Ալիևի` հայերին ֆաշիստ կոչելու դեպքին և հայ պատվիրակների անդրադարձին: Որպես ԵԽԽՎ նախկին պատվիրակ` Հովհաննիսյանը հիշեց, որ երբևէ ինքն էլ հրապարակավ թուրք գործչին տվել է էմոցիոնալ պատասխան: Հաջորդ օրն իրեն հրավիրել են շրջել Թուրքիայում` այցելելով հայկական հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ ու մշակույթի կենտրոններ: Ինքն ամբողջ օրը շրջել է հայկական կենտրոններով ու զղջացել իր նախորդ օրվա պոռթկման համար: Սադրանքներից խուսափելու համար, ըստ նրա, ավելի լավ կլիներ, որ հայերն առհասարակ Բաքու չգնային:

Մեկնաբանել