Լոնդոնցիները` ընդդեմ Չինգիզ խանի

Ժողովրդի զայրույթին միացել են նաև պատգամավորները. լեյբորիստ Փոլ Դիմոլդենբերգը քաղաքային իշխանությունների այս քայլն անվանել է ծայր աստիճան չմտածված:

«Ի՞նչ էին մտածում Վեսթմինստերի պահպանողականները` «Մարմարե կամարի» կողքին նման արձան տեղադրելու վերաբերյալ որոշում ընդունելիս: Ո՞վ է հաջորդը, Ստալի՞նը, թե՞ Սադամ Հուսեյնը», – վրդովվել է քաղաքական գործիչը: Դիմոլդենբերգը հավելել է նաև, որ Լոնդոնում բազմաթիվ այլ տեսարժան վայրեր կգտնվեն` օլիմպիական խաղերի նախօրեին զբոսաշրջիկներին և մարզիկներին ցույց տալու համար:

Դիմոլդենբերգին ի պատասխան` պահպանողական Ռոբերտ Դևիսն ասել է, որ «Քանդակների քաղաք» փառատոնի նպատակն է «մարտահրավեր նետել և ստիպել ճանաչել»:

Նշենք, որ ռուսաստանցի քանդակագործ Դաշի Նամդակովի հեղինակած` Թեմուչինի (Չինգիզ խանի) արձանը տեղադրվել է Լոնդոնում հանրահայտ զորավարի ծննդյան 850-ամյակի կապակցությամբ: Արձանը կմնա այստեղ մինչև 2012թ. սեպտեմբերը:

Ի դեպ, բրիտանացի գիտնականները Չինգիզ խանի վերաբերյալ մի քանի ուշագրավ փաստ են արձանագրել. ընդամենը 25 տարվա ընթացքում մոնղոլ զորավարը ավելի մեծ տարածք է գրավել, քան Հռոմեական կայսրությունը` 400 տարվա ընթացքում: Նա միավորել է ավելի քան 700 ցեղ և ազգություն` Ճապոնականից մինչև Կասպից ծովերը: Իսկ ԴՆԹ թեսթերը ցույց են տվել, որ Ասիայի յուրաքանչյուր 500-րդ բնակիչը Չինգիզ խանի հետնորդն է: