Այվազովսկու կտավը նոր գնային ռեկորդ է սահմանել

Sotheby’s աճուրդում Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը վաճառվել է ավելի քան 3 մլն ֆունտ ստեռլինգով: Կտավի գնորդը ցանկացել է անհայտ մնալ և մասնակցել է աճուրդին միջնորդի միջոցով:

Կտավի նախնական արժեքը գերազանցում էր 1,8 մլն ֆունտ ստեռլինգը:

Հովհաննես Այվազովսկին առաջին ագամ Կոստանդնուպոլիսն անձամբ տեսել է 1845թ.: Գնային ռեկորդ սահմանած այս նկարը նա վրձնել է 1856թ.: Աշխատանքի նկարագրության մեջ ասված էր, որ դրանում «պատկերված է գեղատեսիլ նավահանգստի աշխույժ կյանքը` Թոփհանե Նուսրեթիե մզկիթով, որն իր մեջ միավորում է բարոկկոյի և իսլամական ճարտարապետության գծերը և որպես կողմնորոշիչ է ծառայել Բոսֆոր մտնող նավերի համար»:

Այվազովսկու նախկին «ռեկորդակիր» նկարը` «Կոստանդնուպոլիսն արևածագին», 2007-ին վաճառվել է 2,7 մլն ֆունտ ստեռլինգով: