Վրաստանը խթանում է զենքի արտադրությունը

 

Վրաստանը հիմա ունի զենքի սեփական արտադրությունը. ըստ rbc.ru-ի` հաղորդել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականների հետ հանդիպմանը:

«2008թ օգոստոսի պատերազմական շրջանից հետո, երբ Վրաստանի համար դժվար էր զենք և զինամթերք գնելը, մեր ինժեներները հիմնեցին հարյուր տոկոս վրացական, լիովին ճշգրիտ զենքի արտադրություն»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի ղեկավարի խոսքով` վրացական արտադրության զենքերի շարքում կա հրետանային զենք, օդային տեխնիկա, բրոնետեխնիկա, ռազմական մեքենաներ, հակատանկային զինատեսակներ: «Բոլորը հասկացան, որ Վրաստանը քարտեզի վրայից ոչ մի տեղ չի անհետացել»,- հայտարարել է նախագահը:

Սակայն դա, ըստ նրա, դեռ սկիզբն է: «Ես ուզում եմ, որ Վրաստանը դառնա միջազգային մասշտաբի տեխնոլոգիական կենտրոն և տեխնոլոգիա արտահանող»,- նշել է նա:

Այդ պատճառով, ըստ նրա, այն պիտի դառնա գիտական կենտրոն, որ զարգացնի ինքնատիպ գաղափարներ: Այս պահին աշխատանքներ են տարվում Վրաստանում եվրոպական տեխնոլոգիական բուհ բացելու ուղղությամբ: