Ուղղահայա՞ց, թե՞ հորիզոնական ներդրումներ

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իշխանություն կազմելու դեպքում Սփյուռքից տարեկան մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ է ապահովելու:

Իհարկե, ականջ շոյող հայտարարություն է: Բայց մի՞թե Հայաստանում իշխանությունը Սփյուռքի զավակին պատկանելն է այն անհրաժեշտ պայմանը, որի միջոցով երկիրը ներդրումներ պետք է ներգրավի: Կամ ի՞նչն է խանգարում Սփյուռքի և ընդհանրապես օտարերկրյա ներդրումներին:

Այս հարցի պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանում չկա ներդրումային առողջ միջավայր, որտեղ՝ անկախ իշխանությունների վերաբերմունքից, պաշտպանված կլինեն ներդրողների իրավունքները: Բնական է, որ նման պայմանների դեպքում երկրորդական կլինի այն հանգամանքը, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին՝ Սփյուռքի զավակը, թե տեղացին: Բնական է նաև, որ առողջ գործարար միջավայրի պայմաններում «հայրենիքում գործ դնելու» գործը կարևոր գործիք է լինելու ներդրումներ ներգրավելու համար: Սակայն, ամեն դեպքում, «հայրենիքում գործ դնելու» գործոնը ածանցված է գլխավոր՝ ներդրումային գրավչության գործոնից:

Այս առումով՝ Հայաստանում մինչ այժմ կատարված Սփյուռքի ներդրումները կարելի է բաժանել երկու մասի՝ ուղղահայաց ներդրումներ և հորիզոնական ներդրումներ: Առաջինի դեպքում ներդրողն իր գործունեությունն իրականացնում է իշխանությունների համաձայնությունն ու հավանությունը ստանալով և շրջանցում է այն բոլոր հնարավոր բյուրոկրատական խոչընդոտներն ու անօրինականությունները, որոնց առերեսվում են մյուս ներդրողներն ու Հայաստանի սովորական գործարարները: Այսպիսի օրինակներ են Քըրք Քըրքորյանի և Էդուարդո Էռնեկյանի ներդրումները: (Առաջինը ներդրումներն արել է բարեգործության տեսքով, երկրորդը՝ բիզնես ստեղծելու միջոցով, որպեսզի այդ ներդրումն ինքնաբավ լինի և ունենա երկարաժամկետ ազդեցություն):

Հորիզոնական ներդրումները ենթադրում են, որ օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ սփյուռքահայերը, ներդրում անելու համար չպետք է ստանան Հայաստանի իշխանությունների ինդուլգենցիան բյուրոկրատական կամայականություններից ու անօրինականություններից զերծ մնալու համար: Հորիզոնական ներդրումները նաև ենթադրում են, որ երկրում պետք է ստեղծվի առողջ գործարար միջավայր, որտեղ օրենքը վեր կլինի իշխանությունների կամքից: Ենթադրվում է, որ հորիզոնական ներդրումները հիմնականում գալու են միջին խավից՝ փոքր հյուրանոց, ռեստորան, արտադրություն, խանութ և այլն: Եվ որքան էլ ուղղահայաց ներդրումները գերկարևոր դեր են ունեցել Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում, միևնույն է, Հայկական աշխարհի միավորման և Հայաստանը համայն հայության օջախը դարձնելու գործում առաջնային են հորիզոնական հարաբերությունները: Հորիզոնական ներդրումներն են, որ կարող են արմատապես փոխել Հայաստանի բիզնես մշակույթը: Սփյուռքահայերի մի քանի տասնյակ հաջողված նախագծերի («Արտ Բրիջ», «Թումո», «Գաֆեսճեան թանգարան», «Գուրմէ Դուրմէ», «Վահագնի թաղամաս», «Տուֆենկյան») բազմապատկումը, ինչը միանգամայն իրատեսական է, կարող է արմատապես փոխել Հայաստանի խամրած ներդրումային դեմքը տարածաշրջանում:

Մեկնաբանել